Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտնական. «Ինչո՞ւ զբոսաշրջիկներին չեն առաջարկվում հանրահայտ ճանապարհորդների ուղեգծերը»

Հուլիս 27,2018 14:11

«Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը երկրաբանական, պատմամշակութային, հնագիտական թանգարան են բաց երկնքի տակ, համարվում է, որ զբոսաշրջությունն էլ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է: Մեր տարածաշրջանը՝ Արցախի հետ միասին, չտեսնված մեծ զբոսաշրջային ներուժ ունի, բայց մինչեւ հիմա աններելի կերպով ստվերելով պատմամշակութային ճարտարապետական արժեքները, որոնք Հայաստանի տարածքում 24000 են, Արցախինն էլ ներառյալ՝ 30000, երթուղիները, զբոսաշրջային տուրերը հիմնականում շեշտը դնում են պատմամշակութային հուշարձանների վրա եւ քիչ են ներկայացնում բնության հուշարձանները»,- հուլիսի 27-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու, բազմամյա զբոսավար Հայկ Մելիք-Ադամյանը: Ապա թվարկեց, որ Հայաստանի տարածքում 4 ազգային պարկ կա, 3 արգելոց, 27 արգելավայր եւ 232 բնության հուշարձան:

Մելիք-Ադամյանը, որ զբոսավար է աշխատել դեռեւս Խորհրդային տարիներից, փաստեց, որ դեռ այն տարիներից ընդունված էր զբոսաշրջիկներին հիմնականում Գառնի- Գեղարդ, Հաղպատ-Սանահին եւ նման այլ վայրեր տանել, ինչը տարակուսանք էր առաջացնում զբոսաշրջիկների մոտ, հարցնում էին՝ եկեղեցիներից բացի, ուրիշ բան չկա՞ ձեզ մոտ:

«Զբոսաշրջիկներին չէին մատուցվում ռուս եւ եվրոպացի հանրահայտ ճանապարհորդների երթուղիները: Նրանց անունները հայտնի են Արարատի վերելքների հետ կապված, 28 թ Պարրոտից մինչեւ Աբիխը, Պաստուխովը, Բրայսը եւ էլի շատ մարդիկ են բարձրացել Արարատ, սակայն մինչեւ դա չի հիշատակվում: Այս ասուլիսի նպատակն է, որ ինչ-որ ձեւով հանրահռչակվեն նաեւ բնության հուշարձանները եւ այն հանրահայտ ճանապարհորդների ուղեգծերը, որոնք կարող են հետաքրքիր լինել այսօրվա ճանապարհորդներին»,-ասաց բազմամյա զբոսավարը:

Գիտնականը վկայակոչեց մասնավորապես Հերման Աբիխի անունը, նշելով, որ նա առաջին եվրոպացի երկրաբանն էր, որը ոտք է դրել Արցախ, ուսումնասիրել տեղի պատմամշակութային եւ երկրաբանական հուշարձանները. «Այդ մասին շատ քիչ է խոսվում, իսկ Աբիխը ինչպես հայտնի է՝ եղել է Հումբոլտի աշակերտը, հենց Հումբոլտի հորդորներով է եկել Հայաստան եւ 400000 քմ տարածությունն անվանել է Հայկական լեռնաշխարհ»:

ՀՊՄՀ Աշխարհագրության ֆակուլտետի քարտեզագիր, դասախոս, աշխարհագրագետ, ճանապարհորդ Տիգրան Բաբայանն էլ նշեց, որ մեր զբոսաշրջային ընկերությունները ոչ բոլոր պատմամշակութային հուշարձաններ են տանում զբոսաշրջիկներին: «Զբոսաշրջությունն արտադրական ինդուստրիայի նման մի բան է, որը որոշակի հենք ունի: Հենքի գլխավոր մասն էլ հասանելիությունն է: Օրինակ, եթե ունենք հետաքրքիր հուշարձան, հեռու անտառի ներսում, որն իր եզակիությամբ գուցե համաշխարհային նշանակություն ունի, բայց 30 հոգանոց ավտոբուսը ոչ մի կերպ չի կարող հասնել այնտեղ, հետեւաբար այդ հուշարձանն ինքնըստինքյան դուրս է գալիս զբոսաշրջային երթուղու ցանկից:

Դրա համար պետք է կարեւորել երկու հանգամանք՝ հուշարձան, որպես այդպիսին, անկախ ծագումից եւ զբոսաշրջային ռեսուրս: Ամենադժվար խնդիրը հենց ռեսուրսների գնահատումն է: Օրինակ, Սեւանա լճի ռեսուրսը լողի կամ ջրային զբաղմունքների առումով, սահմանափակ է, 2-2,5 ամիս է տեւում, որքան էլ խոսենք գրավչության մասին, միեւնույն է՝ տարվա որոշակի շրջանում բացի վիզուալ դիտելուց եւ նավակային զբոսանքից, չենք կարող օգտվել ռեսուրսից»,- նշեց Տիգրան Բաբայանը:

Նա հավելեց, որ Գեղարքունիքի մարզում, բացի Սեւանա լճից, թերակղզուց, Հայրավանքից, այլ գեղեցիկ վայրեր ու հուշարձաններ կան, փոքրիկ ջրվեժներ, աղբյուրներ, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն մատուցվում զբոսաշրջիկներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031