Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ուզում է իր կաշին փրկի, բայց արդեն շատ ուշ է». Սարգիս Քլոյան

Հուլիս 27,2018 13:38

«Վերջապես մեր տասը տարվա երազանքը կատարվեց: Մենք տասը տարի պայքարել ենք, որ ճշմարտությունը բացահայտվի եւ սա իրականություն դարձավ թավշյա հեղափոխության արդյունքում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությանն` ասաց 2008 թվականին զոհված Գոռ Քլոյանի հայրը`Սարգիս Քլոյանը: Ասում է`իրենք`տասը զոհերի հարազատները, ոգեւորված են այս զարգացումներով:

Սարգիս Քլոյանը համաձայն չէ երեկ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերից Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ քաղաքական որոշում է կայացվել եւ ինքը ընտրվել-նշանակվել է «մարտի 1»-ի մեղավոր-պատասխանատու: «Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է ամեն ինչում, ինքն է եղել գերագույն-գլխավոր հրամանատարը, ինքն է սահմանադրական կարգը տապալել: Կյանքի իրավունքի խախտում է եղել. Ինքը հասկանո՞ւմ է դա: Դա բավարար չէ՞ իր մեղավորության համար»:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ «մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը. «Էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ: Ինձ ուզում են կտրել քաղաքական գործընթացներից։ Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել»:

Սարգիս Քլոյանն այսպիսի վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարության նկատմամբ. «Քոչարյանն ուզում է իր կաշին փրկի, բայց արդեն շատ ուշ է: Մեղադրանքն առաջադրվել է 301 հոդվածով եւ նա պետք է պատասխան տա»:

Սարգիս Քլոյանը հայտարարում է, որ 2008 թվականի մարտի 1-ն Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ է եղել 15. 15 րոպե: Մինչդեռ, իր այդ հարցազրույցում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Դավիթ Շահնազարյանը եւ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին եւ թույլ չտվեցին, որ ցուցարարները գնան Մատենադարան: «Ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք 15. 15 րոպե նոր եղել ենք Մյասնիկյանի արձանի մոտ ու մենք ոչ մի ոստիկան չենք տեսել, 14.30 րոպե բոլոր ոստիկաններն արդեն լքել էին քաղաքապետարանի տարածքը: Ինքը սուտ խոսեց, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունը վերցրել է իր ուսերին»:

Սարգիս Քլոյանը չի հավատում նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, որ Սերժ Սարգսյանի իշխանության հետ իր հարաբերությունները լարված են եղել: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Նախկին իշխանությունը եւս մտահոգ էր միշտ այդ հարցով եւ ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս: Ով էլ գա իշխանության` պետք է անընդհատ ինձանից մտահոգված լինի»:

«Չեմ հավատում, նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են եղել: Լսել եմ, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ խոսակցություն եղել է, բայց ընդհանրապես շատ լավ հարաբերությունների մեջ են եղել»:

Սարգիս Քլոյանը դեմ չէ, որ «մարտի 1»-ի գործով հարցաքննվեն նաեւ ՀՀ առաջին եւ երրորդ նախագահները. «Թող հարցաքննվեն: Դրանում ի՞նչ վատ բան կա: Իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ուրախ կլինի, որ իրեն հարցաքննեն»:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ամեն կերպ փորձում էր պատասխանատվության սլաքներն իր վրայից շեղել`դեպի ընդդիմություն եւ ընդդիմադիր առաջնորդներ: Սարգիս Քլոյանը ականատեսի դիրքից վերահաստատում է. «Ազատության հրապարակից մեկ շաբաթ դուրս չենք եկել, խաղաղ նստացույց է արել ամբողջ ժողովուրդը`պահանջելով ընտրությունների երկրորդ փուլ: Իրենք գիշերով հարձակվեցին ժողովրդի վրա, կոտորեցին, ժողովուրդը փախավ քաղաքապետարանի մոտ, գիշերով կրակ բացեցին ժողովրդի վրա: Ես էստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը որտե՞ղ տեսնեմ»:

Սարգիս Քլոյանը չի կարծում, որ «մարտի-1»-ի իրադարձությունների համար ողջ պատասխանատվությունը պետք է կրի միայն Ռոբերտ Քոչարյանը: Ասում է`սպանությունների անմիջական մեղավորները, բոլոր հրաման տվողները`ներքին զորքերի հրամանատարը, մյուս գեներալները, դատախազը, ՀՔԾ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, որ տասը տարի կոծկել է գործը, Միքայել Հարությունյանը`բանակի մասնակցության համար, պետք է պատժվեն. «Մենք շատ ուրախ կլինենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031