Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում բակերի և այգիների բարեկարգման աշխատանքները վստահվել են «Ռուսաստանի հայերի միությանը», որի ներկայացրած նախագիծը հիշեցնում է «գիշերային մղձավանջ»: Այս մասին իր բլոգում գրում է ռուս բլոգեր Իլյա Վարլամովը՝ «Հայե՛ր, ինչո՞ւ դուք այդքան չեք սիրում Ռուսաստանը» վերտառությամբ հրապարակման մեջ:
«Ես հայերի դեմ ոչինչ չունեմ, ես անգամ շատ եմ սիրում հայերին: Բայց, ներեցեք, ԻՆՉՈ՞Ւ: Այսինքն՝ ինչո՞ւ է ընդհանրապես բարեկարգումն իրականացնում «Ռուսաստանի հայերի միությունը», ի՞նչ իրավասություններ ունի: Ի՞նչ են նրանք ընդհանրապես հասկանում բարեկարգումից»,- գրել է Վարլամովը:
Բլոգերը նկատում է, որ Ուլյանովսկի Ժողովուրդների բարեկամության այգու բարեկարգման նախագիծը ներկայացվել էր դեռ հունիսի կեսին: Ինչպես հեղինակն է ասում, նման է «գիշերային մղձավանջի»: Ընդ որում, այգու բարեկարգումն իրականացվում է ոչ թե ներդրումների փողերով կամ մասնավոր հանգանականություններով, այլ Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի միջոցներով:
«Նախագիծն ինքնին ներկայացնում է 90-ականների պարզունակ ֆոտոմոնտաժ»,- գրել է Վարլամովը ՝ կից ներկայացնելով լուսանկարներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ