Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին որպես զսպման միջոց օգտագործելու է կանխարգելման ռազմավարությունը: Սա, անշուշտ, նոր խոսք է ՀՀ ռազմական պաշտպանական դոկտրինի համար, քանի որ մինչ այդ մենք վարում էինք թշնամու ռազմական գործողությունների հզոր հակադարձման մարտավարությունը, ինչը, ժամանակը ցույց տվեց, չի արդարացնում իրեն: Այսօր, սակայն, բացահայտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք նաեւ նախահարձակ լինել, եթե նկատենք թշնամու կուտակումները մեր սահմաններին:
Հայաստանի պաշտպանական համակարգի համար նախարար Դավիթ Տոնոյանի մոտեցումները անշուշտ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այսպիսով ուրվագծվում են մեր պետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ պետության ազգային անվտանգության ողնաշարը պաշտպանական քաղաքականությունն է եւ դրա մոտեցումերից ու կառուցվածքից է կախված, թե ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ունենալ:
Հնարավոր ագրեսիայի զսպման ու նախահարձակման քաղաքականությունը նաեւ փոխում է ռազմական ուժերի կառուցման համակարգը, եւ Հայաստանը կարիք ունի այս հարցում կատարել մարտավարական ու ռազմավարական փոփոխություններ: Այսինքնՙ պետության Ազգային անվտանգության ու Պաշտպանական դոկտրինի վերանայում եւ նորերի ստեղծում:
Սակայն կարծում եմ վերոհիշյալ հարցազրույցը առաջին հերթին իրավիճակ է փոխում տարածաշրջանում, կամ գոնե սկսում է փոխել: Նախարարը հստակ կերպով հասկացնել է տալիս, որ նախահարձակ լինելու մենաշնորհը այլեւս չի պատկանում Ադրբեջանին:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ բացահայտ հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում ռազմական ճանապարհով լուծելու Արցախյան հարցը: Վերջինիս այդ ագրեսիվ հայտարարությունները եւ նույնիսկ ապրիլյան ավանտյուրան երբեք չեն արժանանում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միանշանակյա դատապարտմանը:
Ստեղծված այս իրավիճակը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ոչ միայն շարունակաբար կրկնել իր ագրեսիվ հռետորաբանությունը, այլեւ հավակնել ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքին: Պատերազմ սկսելու ադրբեջանական «մենաշնորհը» նրանց հնարավորություն է տալիս տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի սրման հարցում լինել նախաձեռնողը:
Այսինքնՙ ակտիվությունը պահելով իր ձեռքում, պաշտոնական Բաքուն փորձում է թելադրողի կարգավիճակ ստանալՙ ցույց տալով, որ խաղաղությունը կամ պատերազմը տարածաշրջանում կախված է իր քմահաճույքից, հետեւաբար նրա հետ պետք է հաշվի նստել Հարավկովկասյան զարգացումները գնահատելիս: Ահա մոտեցումների այս համակարգում է, որ Հայաստանը, հանձին պաշտպանության նախարարի, սկսում է փոփոխություն իրականացնել:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում