Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բավականին լուրջ բացահայտումներ է իրականացնում։ Ու պետք է արձանագրենք, որ բացահայտված պատմությունները վեր են մարդու երեւակայության սահմաններից։ Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հարց էր բարձրաձայնել տրանսֆորմատորների գողության մասին, որի դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 10-ին Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ. «Օրինակ՝ դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը մենք նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր մեծ արժողությամբ՝ միլիոնների, որին մասնակցեցին էներգետիկայի նախարարության աշխատակիցները»։
Այս հայտարարությունից հետո կարծես թե տրանսֆորմատորների գողության դեպքը մոռացության մատնվեց։ Բայց իրականում տրանսֆորմատորների անհետացման հետեւում բավականին մեծ կոռուպցիոն սխեմա է թաքնված, որի քննությունն էլ վերապահվել է ՀՀ իրավապահներին։
Ու մինչ իրավապահ համակարգը տրանսֆորմատորի գողության փաստով քննություն է իրականացնում, «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ պատմությունից մանրամասներ են հայտնի դարձել։
Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով։ Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք։
Ասել է թե՝ հայտնի ընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատորը մոտ 200 հազար դրամով վաճառել է, եւ անունն էլ դրել են, թե տրանսֆորմատորը չի աշխատում, ուստի այն չնչին գումարով որպես «անպետք իր օտարում ենք»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում