Հայոց պատմության թանգարանում զուգահեռաբար բացվեց երկու ցուցադրություն, մեկըՙ «թավշյա հեղափոխություն», մյուսըՙ նվիրված ապրիլյան պատերազմին: Ըստ որոշ տեղեկությունների, առաջինին ավելի շատ մարդ է հետեւել, քան երկրորդին, բայց դա հավանաբար այն պատճառով, որ «հեղափոխությանն» ավելի շատ մարդ է մասնակցել, քան «պատերազմին», ընդ որումՙ նշանակություն չունի, թե ո՞ր հեղափոխությանը, կամ ո՞ր պատերազմին. երկուսն էլ աղետ են, բայց առաջինին մասնակցելը շահեկան կարող է լինել:
Հիմա, քանի որ «թավշյա հեղափոխությունն» արդեն ցուցադրվում է թանգարանում, նշանակում է, որ այն լավագույնն էր, ինչը տեղի ունեցավ մեր կյանքում վերջին տարիներին: Ու եթե հաշվի առնենք, որ Հայոց պատմության թանգարանում ես գոնե չեմ հիշում ցուցադրությունՙ նվիրված արցախյան պատերազմին ու շարժմանն առհասարակ, կնշանակի «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալից դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, քան արցախյան պատերազմը: Ընդ որումՙ սա ապացուցում է ոչ միայն թանգարանային ցուցադրությունը, այլեւ Հայաստանի նորՙ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների ելույթների տեքստերը: Վարչապետից սկսած մինչեւ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետի տեղակալն իրենց ելույթներում պարտադիր շեշտում են «թավշյա հեղափոխության» կարեւորությունը հայկական պետության, աշխարհասփյուռ հայության զարգացման ու բարգավաճման գործում:
Ավելին, կան պաշտոնյաներ, որոնց կարծիքով մինչեւ «հեղափոխությունը», երբ Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկման ժամանակ 20-25 րոպե Սերժ Սարգսյանն էր ցուցադրում, իսկ հիմա 20-25 րոպե Նիկոլ Փաշինյան է ցուցադրում, կնշանակի բոլորս սկսել ենք լավ ապրել, սիրով ապրել, օրը մեկուկես կոռուպցիոներ բացահայտել ու «Սասնա ծռերից» 2 ամբաստանյալ բաց թողնել, որ գնան ազատ քաղաքականությամբ զբաղվեն, ընտրություններին մասնակցեն: Ի դեպ, Հայոց պատմության թանգարանում չեն պատրաստվո՞ւմ մի առանձին հերոսական ցուցադրություն բացելՙ նվիրված «Սասնա ծռերին»… Չնայած սա կարող է հակապետական համարվել, քանի որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ծռերն» ինչ ասես, որ չէին ասում ներկայիս վարչապետի հասցեին, անգամ վռնդում էին նրան… Հիմա էլ, չնայած, ինչ լավ բան ասես, որ չեն ասում. իրավիճակ է փոխվել:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում