Ինչու՞ Հայաստանի ու նույնիսկ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի մակարդակը չի բարձրացվում կամ չի բարձրացվում հավուր պատշաճի… Ինչու՞ լճից 2012 և 2014 թվականներին, բացի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված մինչև 170 մլն խորանարդ մետրից, ջրի լրացուցիչ և ահռելի ծավալներ են բաց թողնվել, ինչի պատճառով լճի մակարդակը 2013 և 2015 թվականների հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ, նվազել է 3-4 սանտիմետրով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, էլ ավելի խայտառակ պատկեր ու Սևանա լճի համար վտանգավոր իրավիճակ է գրանցվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2017 թվականին լրացուցիչ 100 մլն խմ ջուր (բացի նախատեսված 170 մլն խմ-ից) բաց թողնելն արտոնող ԱԺ-ի լրացումից և լճից հավելյալ ջրառից հետո: Չնայած օրենքի 5-րդ հավելվածի 3-րդ գլխով նախատեսվել է, որ հավելյալ ջրառից հետո լճի մակարդակի եղած ու 18 սանտիմետրի հասնող բարձրացումից գոնե 10 սանտիմետրը պետք է պահպանվի, սակայն իրականում ոչ միայն այդ 10 սանտիմետրը չի պահպանվել, այլև 2018 թ. հունվարի 1-ին մակարդակի 4 սանտիմետր նվազում է արձանագրվել 2017 թ. հունվարի 1-ի նիշի համեմատ:
Մինչև իսկ վերոնշյալ դառը փորձն աչքի առաջ ունենալով, նույնիսկ իշխանափոխությունից հետո հռչակված նոր Հայաստանի պայմաններում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն այս ամսի սկզբի դրությամբ մտադրություն է ունեցել (գուցե դեռ հիմա էլ այդ մտադրությունն ունի) հասնելու «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լճից ջրի բացթողման սահմանված առավելագույն ծավալի (մինչև 170 մլն խորանարդ մետր) ավելացման 100 մլն խմ-ով` այն հասցնելով մինչև 270 մլն խորանարդ մետրի:
Գոնե հայաստանաբնակ մեր հայրենակիցներից շատերին, կարծում ենք, հայտնի է, թե ինչու է հնարավորինս խոչընդոտվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Լճի ափերին բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ, հանգստատներ ու նմանաբնույթ այլ օբյեկտներ կան, որոնք ունեն հարուստ և լուրջ կապեր ունեցող, ազդեցիկ տերեր: Միանգամայն ենթադրելի է, որ նրանք հնարավոր ամեն ջանք գործադրում են, որ իրենց ներդրած միլիոնները ջուրը չլցվեն: Իրականում, սակայն, վերը շարադրվածը խնդրի սոսկ մի կողմն է:
«Չեմ կարծում, թե խնդիրը միայն սեփականատերերի հարցն է, որոնք չեն ուզում բարձրացվի,- տողերիս հեղինակի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ԳԱ ակադեմիային կից Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:- Իրականում մենք ունենք կլիմայի փոփոխություններ, որոնք տարեցտարի հանգեցնում են ավելի քիչ տեղումների: Այդ պրոբլեմը կա, բայց այլ հարց է, որ մեր կառավարությունը մինչ օրս կարծես գտել էր ամենահեշտ ձևը` դա Սևանից ջուր վերցնելն է: Իսկ ինչո՞ւ ուրիշ, այլընտրանքային քայլեր չեն արվում, ինչու՞ արդյունավետությունը չի բարձրացվում: Օրինակ, տեսեք, այս տարի բավական շատ անձրևներ եկան ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, սակայն մենք տվյալներ ենք ստանում, որ ջրամբարները 20 տոկոսով են լցված, 10 տոկոսով են լցված… Ես այդ հարցը տվեցի, ասացի` այս ինչու՞ չեն լցվում: Ասացին` դե այդպես է, չի գալիս, չենք կարողանում… ՈՒրեմն դուք պետք է այնպիսի համակարգ ստեղծեք, որ կարողանաք այդ ջուրը կուտակել: Օրինակ, երկրներ կան, ինչպես Իսպանիան (երկրի հարավը), Իսրայելը, որտեղ ձմռան անձրևային սեզոնին հավաքում են անձրևաջուրը (այնտեղ գետ, այդպիսի բաներ գոյություն չունեն), ամբողջ տարին օգտագործում են: Ինչու՞ մեզ մոտ այդպիսի լավ փորձ չանենք, որ տեղումներն արդյունավետ օգտագործենք: Ընդ որում, Հայաստանում 1000-ից ավելի գետեր կան, ու՞ր է այդ ջուրը…»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում