Եթե անկեղծ, ապա Նիկոլ Փաշինյանը որեւէ նոր բացահայտում չի արել։ Բյուջեի միջոցների անարդունավետ ծախսերի մասին այս տարիներին շատ է խոսվել։ Նման բացահայտումներ եղել են մամուլի էջերում։ Բացի այդ, նման բացահայտումներ արել են նաեւ պետական մարմինները։ Բավական է թերթել ՀՀ վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունները, դրանցում չարաշահումների, անարդյունավետ ծախսերի վերաբերյալ փաստերի պակաս չկա։
Եթե չեք մոռացել, 2013թ. ԱԺ ամբիոնից այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ջաքարյանն էլ ասել էր, թե բյուջեի մոտ 70 տոկոսը մսխվում է, ռիսկային կերպով է ծախսվում։ Միայն թե այդ հայտարարությունից հետո նախկին իշխանությունը ոչ թե գնաց կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու ճանապարհով, այլ ընդհակառակը, նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել՝ բյուջեն մսխելու մասին բարձրաձայնած պաշտոնյային նախատելու համար, նույնիսկ թաքնված սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին։
Հիմա բյուջեի միջոցների հազիվ 30– 40 տոկոսն արդյունավետ ծախսելու, որ նույնն է, թե բյուջեի 70 տոկոսը մսխելու մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանության, Նիկոլ Փաշինյանը ռեալ, կտրուկ քայլեր է անում կոռուպցիոն երեւույթները բացահայտելու եւ արատավոր երեւույթներին վերջ տալու համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում