Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները չափազանց կոշտ են ու աննախադեպ. «Ժամանակ»

Հուլիս 27,2018 12:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի հյուսիսային այդ շրջաններում գործունեություն ծավալող հայ բիզնեսմենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդրումների՝ նրանց հետ հանդիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտարարություններ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անառարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնականում տեղի է ունենում Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերության, դրանում Հայաստանի շահերի ոտնահարում թույլ չտալու մասին՝ միաժամանակ արձանագրելով էներգետիկայի ոլորտում մի շարք իրողություններ, որտեղ Հայաստանի շահը ակնհայտորեն ոտնահարված է: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր շահի հաշվին որևէ մեկի հարստացում, և այն դեպքերում, երբ կա Հայաստանի շահերի ակնհայտ ոտնահարում, պայմանագրային գործընթացներն ակնհայտորեն կկասեցվեն:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները չափազանց կոշտ են ու աննախադեպ, ըստ էության՝ անսովոր են հայ-ռուսական հարաբերության մասին լսող և լսած ականջների համար, հատկապես այն ականջների, որոնք նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման և վտանգների մասին խոսակցությունների և քարոզչության հետևից են երևում Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր՝ փորձելով առաջացնել Ռուսաստանի իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի հակազդեցությունը այդ հեղափոխության ու դրա արդյունքում իշխանության եկած Փաշինյանի հանդեպ:

Սրանով հանդերձ, սակայն, հետաքրքիր է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այդ աննախադեպ կոշտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է մինչ այնտեղ մեկնելը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսել էր Պուտինի հետ իր շփումների մասին: Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ շփվելը եղել է իր պատկերացրածից ավելի դյուրին, քանի որ ՌԴ նախագահը բաց և անկեղծ խոսող մարդ է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հենց բաց և անկեղծ բնույթն է, որ պետք է լինի հայ-ռուսական բարեկամական հարաբերության հիմքում, որը չպետք է ունենա որևէ մութ կողմ: Ըստ էության, Փաշինյանն ակնարկում է, որ մինչ այժմ այդ հարաբերությունն ունեցել է շատ մութ կողմեր, որոնք մութ են եղել ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև հենց ՌԴ նախագահ Պուտինի համար:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031