Այնքան էլ հեշտ չէ կարեւորն անկարեւորից տարբերել, շատ ժամանակ տարբերակումներն ուղղակիորեն հորինվում են՝ անշուշտ, մասնակի ճշմարտություններին թողնելով հեռու հեռվում: Երեւանի ապագա քաղաքապետի ով լինելը խնդրո առարկա դարձնելով՝ իրականում ի՞նչ ենք ուզում ասել, ի՞նչ նկատի ունենք: Անցած քսան տարիները, մեղմ ասած, արատավոր, բարդ սովորույթների կարծրացման շրջափուլ էին, դրանցից մեկն ինքնահրման սովորույթն էր, մյուսը՝ անձնավորման: Բովանդակության հարցն ընդհանրապես արանքից դուրս էր եկել, բովանդակությանը փոխարինել էր կեղծ իրականության պատրանքը:
Հստակ է՝ Երեւանին հմուտ, բանիմաց, Երեւանի առջեւ ծագած հիմնախնդիրների ողջ իսկությանը ծանոթ, այդ հիմնախնդիրների լուծման համար ծրագիր եւ, իհարկե, ուրույն աշխարհայացք ունեցող քաղաքապետ է պետք: Տասնյակ տարիներ Երեւանը, Երեւանի տնտեսությունը, կենսական պաշարներն անխնա սպառվել են, հարստահարվել, քաղաքը քաղաքապետեր ունեցել է, բայց դրանք եղել են լոկ իշխանության սպասյակներ. սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով հանդերձված մարդիկ, որոնք սկուտեղի վրա քրեաօլիգարխիկ ռեժիմին հողեր, կանաչ գոտիներ, հեկտարներով տարածություններ են նվիրաբերել, մարդիկ, որոնք չսիրված, մերժելի են եղել, չեն ապրել քաղաքաբնակների հոգսերով, չեն կիսել այս հոգսը, ընդհակառակը՝ ամեն քայլափոխի ստորացրել են բնակչին, չնչին առիթի դեպքում պատժել, զբաղվել դաժան հարկահավաքությամբ, չեն լուծել հանրային տրանսպորտի խնդիրը եւ ամենատխուրը՝ քաղաքը հասցրել են էկոլոգիական աղետի շեմին:
Արամ ՊԱՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում