Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ մի կերպ նման աճ ցույց տալու գործին չի կարող օգնել. «Հայոց աշխարհ»

Հուլիս 27,2018 11:41

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության արտադրանքը ապրիլին եղել է 49 մլրդ դրամ, մայիսին՝ գրեթե 51 մլրդ դրամ, բայց տոկոսային առումով աճը կազմել է… 41,9 տոկոս:

Հաջորդը՝ հունիս ամսին գյուղատնտեսության արտադրանքը կազմել է 89,5 մլրդ դրամ, մայիսի 51 մլրդ դրամի փոխարեն, իսկ տոկոսային առումով աճը դարձյալ ցնցող է՝ 116 տոկոս: Ընդ որում՝ ոչ մի հավելյալ պարզաբանում չկա, թե ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշը, բացառությամբ նրա, որ բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: Սրա մասին քիչ անց:
Արտառոց է հունիսին մայիսի նկատմամբ նաեւ գումարային կտրուկ աճի ցուցանիշը: Բոլորս էլ գիտենք, որ այս տարվա տաք ձմեռվա բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ գյուղմթերքների բերքի սեզոնն առաջ է ընկել եւ այն բերքը, որ նախորդ տարիներին առատ էր լինում հունիսին, հիմա առատ էր մայիսին եւ անգամ ավելի շուտ: Հետեւաբար գյուղմթերքների ծավալների նման կտրուկ աճ այս երկու ամիսների միջեւ չէր կարող լինել եւ չկար:

Այժմ ընթացիկ գների մասին: Կարող են ասել, իհարկե, որ ապրիլին գյուղմթերքի գներն ավելի բարձր են եղել, ծավալներն՝ ավելի քիչ, մայիսին արտադրանքի ծավալներն են ավելացել, գներն իջել, նույնը եւ հունիսին, ինչն էլ եղել է գյուղմթերքի բնեղեն արտահայտությամբ նման աճի պատճառը: Իսկապես որ այդպես լինում է:
Սակայն արդյոք առաջին դեպքում (մայիսին ապրիլի նկատմամբ) գրեթե կիսով չափ, մյուս դեպքում (հունիսին՝ մայիսի նկատմամբ) ավելի քան կրկնակի գնանկման մասին կարո՞ղ ենք խոսել: Ենթադրություն չանելու համար դառնանք նույն վիճծառայության հրապարակած տվյալներին, որոնք վերաբերում են գնաճին:
«2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը 18,1 տոկոս է եղել»: Սա ազգային վիճակագրական ծառայության արձանագրած ցուցանիշն է: Այսինքն՝ այստեղ չի եղել գների ավելի քան կրկնակի անկում, որը թույլ տար տոկոսային առումով նման ցուցանիշ ցույց տալ: Իհարկե, կարող են լինել որոշակի տատանումներ տվյալների ճշգրտության առումով, բայց, ինչպես արդեն նշեցինք, ոչ ծավալների կրկնակի աճ եւ գների կրկնակի անկում:
Ինչ վերաբերում է մրգի եւ բանջարեղենի մայիսի գներին ապրիլի նկատմամբ, ապա այստեղ մրգի գները նվազել են ընդամենը 0,3 տոկոսով, իսկ բանջարեղենինը՝ 15,2 տոկոսով: Ավելի պարզ ասենք. գնային վերոնշյալ փոփոխությունների պարագայում հնարավոր չէ պարզապես, որ մայիսին ապրիլի համեմատ մոտ 2 մլրդ դրամի տարբերությամբ արտադրանքը այնքան էժանացած լինի, որ 49 մլրդ դրամի եւ 51 մլրդ դրամի միջեւ տոկոսային տարբերությունը լինի 41,9 տոկոս:

Նշենք, որ գյուղատնտեսության ցուցանիշների մեջ մտնում են նաեւ անասնապահության եւ անասնաբուծության ցուցանիշները, բայց այստեղ՝ առնվազն հրապարակված հինգ ամիսների տվյալներով, արտադրանքի ծավալների անկում կա, գնային տատանումներն էլ էական չեն եղել: Եվ սա ոչ մի կերպ նման աճ ցույց տալու գործին չի կարող օգնել:

Սահակ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031