Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար. ՔԿ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ

Հուլիս 27,2018 10:20

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և խնդիրներին։

ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների աշխատանքների ուսումնասիրության համաձայն՝ մարզային ստորաբաժանումներից ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի Արմավիրի մարզային քննչական վարչությունը. քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 31 քրեական գործ։ Հուլիսի 26-ի դրությամբ վարչության վարույթում գտնվում է 323 քրեական գործ, որից 117-ը քննվում է Արմավիրի մարզային քննչական վարչության, իսկ 206-ը՝ Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում։

ՀՀ ՔԿ նախագահը տեղում ուսումնասիրել է պատճառները և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Այսօրվա ստեղծված իրավիճակում նկատվում է քրեական գործերի, հետևապես նաև՝ քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ աճ։ Նման պայմաններում ստորաբաժանումների ղեկավարները տեղերում պետք է վերանայեն աշխատանքի կազմակերպման ընդունված, ստանդարտ մեթոդները»,- ասել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով, որ վարչությունների, բաժնի պետերը, տեղակալները ևս քրեական գործեր վարույթ ընդունեն և անձամբ քննություն իրականացնեն։

«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Անընդունելի է, երբ վարչության քննիչի վարույթում քննվում է 11, իսկ նույն վարչության այլ բաժնի քննիչի վարույթում՝ 33 քրեական գործ։ Դա չի կարող անհետևանք մնալ։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Վերլուծությունները պետք է պարբերաբար արվեն և դրան համարժեք քայլեր ձեռնարկվեն, օգնեն գերծանրաբեռնված քննիչներին, օրինակ՝ անձամբ վարույթ ընդունեն քրեական գործեր և քննություն իրականացնեն, կազմակերպեն քննիչների ժամանակավոր գործուղումներ՝ առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներ։ Դիտորդի դերն ուղղակի անընդունելի է»,- ընդգծել է ՔԿ նախագահը։ Վերջինս կարևորել է անձնակազմի կառավարման 3 կարևոր սկզբունք՝ անձնական օրինակ, հոգատարություն, խիստ և արդարացի պատիժ։

«Քննիչները երիտասարդներ են, որոնց մեծ մասը քննչական աշխատանքի մեծ փորձ չունի, և նրանց համար պետք է օրինակ ծառայեն հենց պետերը, քննիչը պետք է զգա ղեկավարի հոգատարությունը, բայց նաև գիտակցի, որ խախտումների, թերացումների դեպքում պատիժն անխուսափելի կլինի։ Միայն այս դեպքում կկարողանանք խոսել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, ինչը աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է»,- ասել է Հ.Գրիգորյանը։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ Արմավիրի մարզային քննչական վարչության երկու քննիչ գործուղվել է Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական գործեր վարույթ ընդունելու և քննություն իրականացնելու համար։ Բացի այդ, կքննարկվի որոշ առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև՝ քննության տեսանկյունից առավել բարդ մի քանի քրեական գործերի վարույթն այլ ստորաբաժանում փոխանցելու հարցը։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031