Լրահոս
Օրվա լրահոսը

Չնեղվել, չհրճվել

Հուլիս 27,2018 10:12

Վերջերս շատ եմ կարդացել, որ իբր լրատվամիջոցների եւ հասարակության հարաբերությունների մեջ ինչ-որ բան է փոխվել, եւ կա երկուստեք դժգոհություն: Ճիշտն ասած, որեւէ փոփոխություն չեմ զգում: Հասարակությունն ու լրատվամիջոցները նույնն են, ինչպես կային երեք ամիս կամ երեք տարի առաջ: Հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի ճնշող մեծամասնությունը ատում է Սերժ Սարգսյանին եւ այն մարդկանց, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի հետ: Այդպես էր 1, 3, 5, 10 տարի առաջ: Դրան գումարվում է այն, որ նույն մեծամասնությունը սիրում է Նիկոլ Փաշինյանին՝ նախեւառաջ նրա համար, որ նա կարողացավ իշխանությունից հեռացնել երրորդ նախագահին: Այն հրապարակումները, որոնք համապատասխանում են տվյալ հույզերին, արժանանում են դրական վերաբերմունքի: Այն հրապարակումները, փաստերը, լուսաբանումները, որոնք տվյալ սխեմայից դուրս են, բացասաբար են ընկալվում հիշյալ մեծամասնության կողմից: Սեւի ցանկացած «սպիտակ երանգ» կամ հակառակը դժգոհություն է առաջացնում:

Ո՞րն է այստեղ նորը, արտառոցը, անսպասելին: Այդպես է դարեր շարունակ, բոլոր երկրներում՝ սկսած Հին Հունաստանից, որտեղ ինքնարտահայտման քիչ թե շատ ազատ հնարավորություն կար: Կասեք` Հին Հունաստանում ֆեյսբուք, թրոլինգ եւ ֆեյք չկար: Անշուշտ, այդպես է, բայց դրանք ընդամենը գործիքներ են, եթե կուզեք՝ «տրանսպորտ», որով տեղափոխվում է հասարակական կարծիքը: Դրա էությունը, ձեւավորման մեխանիզմները, մանիպուլյացիայի հնարավորությունները նույնն են, ինչ երկուսուկես հազարամյակ առաջ:

Գործընկերներիս մի մասը նեղվում է, ասում է, որ դա կազմակերպված է իշխանության կողմից, բա դուք պիտի ավելի ժողովրդավար լինեիք, քան նախորդ իշխանությունները եւ այլն: Բայց ոչ մի բան հնարավոր չէ կազմակերպել, եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ, իսկ նախադրյալը հստակ, այդ պահին միանշանակ արտահայտված հասարակական կարծիքն է: Այ, եթե դուք ինձ հարցնեք՝ արդյո՞ք այդ կարծիքը վերջնական է եւ անսասան, ես կպատասխանեմ՝ ոչ:

Իմ մոտեցումն այսօր հետեւյալն է: Եթե որեւէ մեկը գրում կամ ասում է, որ իմ գրածն իրեն դուր չի գալիս, դա տվյալ մարդու տվյալ պահին արտահայտած գնահատականն է, որը պայմանավորված է նրա մտածելակերպով, համոզմունքներով, դաստիարակությամբ եւ կրթությամբ: Ես չպիտի նեղվեմ դրանից եւ չպիտի որեւէ բան անեմ, որ հետագայում այդ մարդու բացասական կարծիքը փոխվի: Եթե որեւէ մեկն իմ գրածը գովում է, ես չպիտի հրճվեմ՝ նույն, վերը թվարկած պատճառներով, եւ որեւէ բան չպիտի անեմ, որ շարունակեմ այդ մարդու աչքը մտնել:

Օրինակ՝ Քոչարյանի վերաբերյալ կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հարցում մեծամասնության եւ իմ զգացմունքները համընկնում են: Բայց ես, այդուհանդերձ, օրինականության հարցում այստեղ խնդիրներ եմ տեսնում: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Օրինականության հարցում խնդիներ»ը հնչում է մի քիչ շատ technical:

    Մեղադրանքի բնոյթն է, զարմանալին: Աւելին՝ կասկածելին:

    Եթէ այդ մարդը այդքան միլիոններ, բազմաթիւ միլիարներ (տօլարով կամ եւրոյով անշուշտ) դիզած է, շնորհիւ իր պաշտօնին եւ անօրէն միջոցներով, ինչո՞ւ այդ հիման վրայ չէ, որ տեղի կ’ունենայ հետապնդումը… Դա պէտք է որ լինէր շատ աւելի հեշտ – եւ արդիւնաւէտ -, թէ՛ իրողութիւնների բացայայտման գետնի վրայ, թէ՛ օրինական հիմունքներով:

    Սակայն ահա, ընտրեցին (ճիշդ ո՞վ…) մեղադրանք մը որ օրինապէս բարդ, խրթին ու վիճելի է, եւ դեռ վրան ալ՝ ունի քաղաքական բնոյթ:

    Վերլուծման այս հանգրուանին, կը մտնենք արդէն տեսութիւնների եւ վարկածների որոլոտը: Անոնցմէ մէկը ահա՝ կատարուածը խափանական նպատակներ ունի, սապոտաժ է, ուղղուած՝ ներկայի կառավարութեան դէմ, այժմու Վարչապետին դէմ… Թերեւս վերջինս ինք իսկ գիտակից չէ ասոր, քանզի շատ վերացական է իր մտածողութիւնը, եւ նա հակում ունի մի քիչ անջատուելու որոշ տեսակի իրականութիւններից: Կամ ել ես եմ որ շատ միամիտ եմ (ես ել ատոր հակումը ունիմ), բայց այդ պարագային, Պարոն Փաշինեանը այս անգամ լուրջ քայլ մը առաւ դէպի ետեւ:

    Կատարուածը յեղափոխութեան թաւիշին հետ բնաւ չի համընկնիր, փաստօրէն կը հակադրուի ազգային հաշտութեան իմաստութեան, ալ ուր մնաց սէր եւ համերաշխութիւն:

    Այս տեսակի ներազգային լարուածութիւն աւելորդ մարտահրաւէր մըն է (challenge) նոր վարչակարգին համար, եւ կրնայ միայն վնասել սկսած բարեկարգումներու ընթացքին, գործնական ու իսկական արդիւնքներուն: Նոյնիսկ այսպիսի կացութիւններից հաճոյք առնողները, տեղ մի պիտի գայ, ուր պիտի անդրադառնան թէ վրէժը փոր չի կշտացներ, ոչ ալ կը գոհացնէ իրենց առօրեայի ամէնարրական կարիքները:

    Անգամ մը եւս՝ նիւթը եթէ թալանին մասին լինէր, որուն մասին այդքա՜ն լսել ենք տարիներէ ի վեր, դա ուրիշ հարց: Ի դէպ, եթէ այդ ուղին պեղելու փոխարէն, աւելի շուտ որոշեցին այս քաղաքական «որդերու տուփը» բանալ, պէտք է հասկանանք որ չկա՞ր ուրեմն այդպիսի թալան… Ըսի-ըսաւներ, անհիմն զրպարտութիւննե՞ր էին այդ բոլորը…

    Ամէն դէպքում, քանի որ այս է հիմա ընտրուած ճանապարհը (փոխանակ՝ անցեալի կարգ մը էջեր դարձնել, որքան որ դժուար լինի, կարենալ երթալու համար դէպի առաջ), եթէ այս բնոյթի հալածանքները չհասնին մինչեւ Առաջին Նախագահը, խնդրոյ առարկայ ամբաստանեալին ցարդ արտայայտած բողոքները պիտի նկատուին արդարացի: Եւ այս յեղափոխութիւնն ալ բնաւ տարբեր պիտի չլինի նախորդներից, ոչ ել յաջորդներից: Եթէ դեռ երկրի նմանող մի բան մնայ, ուր արժէ յեղափոխութիւն իսկ անել…

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    • Հ.Շ. says:

      այժմու Վարչապետի դէմ սապոտաժի թեզիս մէջ, նկատի ունենանք նաեւ թէ եթէ մարդավարի դատավարութիւն տեղի պիտի ունենայ այս նիւթով, թերեւս դա լաւ բան մը չէ, ի միջի այլոց, Պարոն Փաշինեանին համար եւս… որ ներկայիս կարծես լիովին ուրիշ անձ մը դարձած է, քան թէ այդ օրերուն, եւ թերեւս պիտի չուզէ որ այսօրուայ ջահելները ծանօթանան իր այդ անցեալին.

      մեր ներազգային Պատմութեան վատ էջերը եթէ դարձընել ու առաջ երթալ չսովորենք, երբեք չենք կրնար նուազագոյն իսկ համերաշխութեան, տարրական միասնութեան մը հասնիլ…

      դասական Սփիւռքում գիտէ՞ք արդեօք որքան հայի արիւն հոսած է անցեալին, եղբայրասպան – յիմար ու ապուշ – կռիւներով… մենք ալ հիմա այդ զզուելի տոլապնե՞րը սկսինք բանալ… զանոնք փակեցին, հաշտուեցանք, մէկ դրօշի ներքոյ կանգնեցանք… շնորհիւ Հայաստանի անկախացման… իսկ հիմա…

      ներողութիւն, բայց շատ բան ունիք սորվելիք դասական Սփիւռքից… եւ խօսքը թանկեաններու եւ խանճեաններու մասին չէ… խօսիլ չուզող, չխօսող ու չերեւցող, հազարաւոր հայերի մասին է, որ դառն ժպիտով մը հետեւում են թէ ինչ է կատարվում Հայաստանում, գրեթէ երեսուն տարիներէ ի վեր արդէն…

  2. Քրիստափոր says:

    Չեմ կարծում, որ մեծամասնությունը ցանկանում է, որ Քոչարյանին կալանավորեն, իմ կարծիքով դա ցանկանում են նախկին և ներկա բոլոր ՀՀՇ – ականները և ի զարմանս ինձ Դուք՝ պարոն Աբրահամյան:
    Հ Գ. Ինչպես բոլոր ՀՀԿ -ականները կցանկանային, որ կալանավորեին Փաշինյանին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ի՞նչ ՀՀՇ-ական: Հայաստանտի բնակչության մեծամասնությունը երազում է, որ Լեւոնին, Քոչարյանին եւ Սերժին կախեն միեւնույն ծառի տարբեր ճյուղերի վրա:

      • Ruben says:

        Շուտով Փաշինյանը նույնպես կավելանա…

      • Հ.Շ. says:

        Հայաստանտի բնակչության այս պահին՝ միայն կարծեցեալ «մեծամասնության» իսկական կամքը կը գիտնանք միայն, երբ որ ընտրութիւններ տեղի ունենան: Անկէ ետք է ուրեմն որ կը գիտնանք նաեւ թէ այդ մեծամասնութիւնը ո՞ր չափով կ’ուզէ դեռ չկերտուած իսկ իր երկիրը վերջնականապէս քանդել: Այստեղ կայ իսկապէս ինքնաքայքայման հոգեբանութիւն, հաւաքական ինքնութեան տարողութեամբ: Իրականութիւնից եւ դժուարութիւններից խելագար փախուստ, դէպի ունայնութիւն: Սակայն մինչ այդ, գոնէ, մինչեւ ընտրութիւնները, կարելի չէ՞ այս քանդումի ընթացքը մի քիչ դանդաղեցնել… Այդքա՞նն ալ ոչ… Աճապարանքը, կամ վախը, ի՞նչ է, որ յանկարծ բացայայտուի թէ մեծամասնութիւնը միայն լո՞ւռ է այս պահին: Ոմանք զգուշութեամբ, ոմանք որովհետեւ չեն գիտեր ինչ ըսեն, սառած, քարացած սպասում են, ոմանք որովհետեւ հասկանում են թէ զուր է դիմադրել պահի խելագար հոսանքին: Թէ ոչ այս ամէնը արդէն պարզապէս ընտրարշաւի մաս կը կազմէ:

        Դասական Սփիւռքում, ինծի պէս՝ հայ ծագումով օտարներիցս շատերին համար, որոնք քիչ թէ շատ հետաքրքրուած են դեռ Հայաստանով եւ Արցախով – հաւանաբար որպէսզի չընդունին որ իրենց ամբողջ կեանքը այսպիսի նիւթերով պարապի տարած են, տխմարօրէն -, եւ որոնք մանաւանդ ֆէյսպուքը երբեք պիտի չշփոթեն նորմալ իրականութեան հետ, պարզապէս անհասկնալի է թէ ի՞նչ է կատարվում: Յատկապէս անհասկնալի է թէ ինչո՞ւ անհրաժեշտ է համայն աշխարհի առջեւ այսպէս եւ այս աստիճան խայտառակել Հայաստանը, ամօթով ծածկել համայն Հայութիւնը – ներառեալ անոնք որոնք իրենց ամենանախնական զգացումներուն յանձնուած, հրճուանքի մէջ են այս ամէնով… – : Ոնց որ գիւղացիական ամենաբութ ու բթամիտ հաշիւներն են մաքրվում, խոշո՜ր-խոշոր բառերու, իբրեւ թէ «պետական» որակումների ետին: (աւելի ճիշդ՝ սիցիլիական գիւղակ, ուր ներքին ոխերն ու փոխադարձ ատելութիւնները այլեւս բնակչութեան կեներին անցած են, եւ այդպէս սերունդէ սերունդ կը ժառանգուին, առ յաւէտ) :

  3. Ruben says:

    Մեծամասնությունը սիրում է Նիկոլ Փաշինյանին՝ նախեւառաջ նրա համար, որ նա «կարողացավ» իշխանությունից «հեռացնել» երրորդ նախագահին եւ ուղարկել Իտալիա ` «առողջությունը վերականգնելու» (ժողովրդի աչքից հեռու կերածը մարսելու):

    Ե՞րբ է ավարտվելու էս գեղցիների փոշոտեցման շրջանն ու զանգվածների ինքնաբեղմնավորման գործընթացը («պրոցեսը»):

    Դե Ռոբերտ, ի վերջո, մի լավ գործ արա՝ ջրի երես հանի բոլորի մեղքերը, եթե պատրաստ էս անձնազոհության հանուն Հայրենիքի:

  4. Հ.Շ. says:

    իսկ ո՞նց է նոյնիսկ հաստատվում «մեծամասնութիւնը», նոյնիսկ Համացանցի ցնորական աշխարհում…

    ահա, այս պահին, հետեւեալ պժգալի ելոյթը`
    https://www.aravot.am/2018/07/27/972602/
    ունի 5001 ընթերցող, եւ միայն 285 «հաւանող»…
    այսինքն՝ 5,7% լայք-ողներ…

    մինչ թիրախը անձ մըն է որ ենթադրաբար զուտ ատելութեան առարկան է հայութեան մեծամասնութեան…

    նոյնպէս այս՝
    https://www.aravot.am/2018/07/27/972482/
    3273 ընթերցող, եւ միայն 461 «հաւանող»…

    սակայն ինչո՞ւ զարմանանք, երբ որ ԱԺ-ում մի քանի աթոռներով, մէկն ալ վարչապետ դարձաւ… մինչ 70% ունեցող քաղաքապետը ստիպուեցաւ հրաժարիլ… եւայլն. եւայլն.

    Հայաստանում ոչ միայն բանականութիւն չկայ, այլ երեւի տարրական թուաբանութիւն իսկ չկայ…

    anything goes !

  5. Հ.Շ. says:

    մինչ այստեղ՝
    https://www.aravot.am/2018/07/27/972446/
    6391 ընթերցողի վրայ 2700 հաւանող…

    այս մէկը գոնէ աւելի մօտ է հայութեան բեւեռացած վիճակին

    եթէ մի օր իսկական ընտրութիւն լինի, ո՛չ մի խմբակ պիտի չկարենայ ԱԺ-ում բացարձակ մեծամասնութիւն կազմել

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031