Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր իրավիճակում անհրաժեշտ են նոր տիպի քաղաքական ուժեր»

Հուլիս 27,2018 13:30

«Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ եւ Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն, քաղաքագետ Էդգար Առաքելյանը նոր քաղաքական ուժ է հիմնում: Այդ առիթով «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց Էդգար Առաքելյանին:

– Ինչո՞ւ որոշեցիք հիմնել նոր կուսակցություն, արդյոք դաշտում առկա այդքան կուսակցություններից որեւէ մեկը Ձեր հայացքներին չէ՞ր համապատասխանում:

– Նախ, իմ կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, որին պետք է նորովի արձագանքեն հանրային-քաղաքական ոլորտի բոլոր սուբյեկտները եւ ինստիտուտները: Այս առումով բավականին կարեւոր են քաղաքական համակարգում տեղի ունեցող զարգացումները եւ ձեւափոխումները՝ հատկապես այդ համակարգի առանցքային ինստիտուտի՝ կուսակցությունների կայացման գործում: Ստեղծված իրավիճակին ադեկվատ արձագանքելու համար կա՛մ պետք է դաշտում առկա քաղաքական ուժերը ադապտացման եւ ձեւափոխման լուրջ գործընթաց անցնեն, ինչը քիչ հնարավոր է նրանց ճնշող մեծամասնության պարագայում, եւ հաջորդը՝ նոր տիպի, նոր մտածելակերպի կուսակցությունների ստեղծումն է, որը կարող է մեր երկրում ժողովրդավարական դինամիկ զարգացման ամենաարդյունավետ միջոցը լինել: Այս տարիներին Հայաստանում ժողովրդավարության արգելակման հիմնական պատճառներից մեկը եղել է կուսակցությունների ավտորիտար բնույթը, ներկուսակցական ժողովրդավարության շատ ցածր մակարդակը կամ բացակայությունը: Ժողովրդավարական Հայաստանի քաղաքական զարգացումների տրամաբանության եւ սկզբունքների հետ անհամատեղելի են կուսակցական ավտորիտարիզմը եւ ավտորիտար կուսակցությունները: Հետեւաբար մեր կողմից նախաձեռնված քաղաքական ուժը իր մոդելով, գաղափարախոսությամբ եւ տեսլականով պետք է համապատասխանի եւ համապատասխանելու է նոր Հայաստանի այսօրվա եւ վաղվա տեսլականին: Ես համոզված եմ, որ չի կարող ավտորիտար սկզբունքներով կառավարվող քաղաքական ուժը գալ իշխանության եւ երկրում նպաստել ժողովրդավարության զարգացմանը: Սա վատ պրակտիկա է, որից պետք է ազատվենք, իսկ դրա հիմնական ճանապարհը կուսակցությունների հնարավոր տրանսֆորմացիային զուգահեռ նոր մոդելի, նոր փիլիսոփայությամբ եւ տեսլականով քաղաքական ուժերի ստեղծումն է: Մենք այդ քայլը կատարում ենք եւ համոզված ենք, որ կհաջողենք: Ավելին, կուսակցական համակարգի կայացման գործում նաեւ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, որտեղ մենք եւս մեր ակտիվ մասնակցությունը կունենանք: Կարեւոր եմ համարում նաեւ հասարակության ընկալումներում կուսակցության նկատմամբ ակնկալիքների փոփոխությունը այն առումով, որ կուսակցությունը ոչ թե բարեգործական հիմնարկ է, որից սպասվում է միայն այսօրեական նյութական «աջակցություն», այլ այն շատ կարեւոր քաղաքական ինստիտուտ է, որը գործուղվելով խորհրդարան՝ պետք է օրենսդրական նախաձեռնություններով լուծում տա իրեն վստահության քվե տված քաղաքացիների խնդիրներին: Սա գուցե մի փոքր իդեալական հնչի, բայց նոր Հայաստանում լուծելի խնդիր է, որին մենք ձեռնամուխ կլինենք:

– Ի՞նչ ուղղվածություն է ունենալու ձեր հիմնած կուսակցությունը, ունե՞ք այդքան համակիրներ, որ մրցունակ կուսակցություն հիմնեք, մանավանդ մեր օրերի չափանիշներով մրցունակ, որի նպատակներին ու ծրագրերին մարդիկ կհավատան եւ կվստահեն:

– Իհարկե, կա թիմ, որտեղ ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, փոքր ու միջին բիզնեսի շահերի ներկայացուցիչներ, երիտասարդական թիմ, ինչպես նաեւ մարզերում ունենք նախնական պատասխանատուներ: Թիմի բոլոր անդամները իրենց ոլորտներում կայացած անհատներ են, ովքեր ամենօրյա աշխատանքով ապացուցել են, որ կարող են իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ վստահ առաջ գնալ: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա նշեմ, որ կուսակցությունը կունենա աջ կենտրոնամետ ուղղվածություն՝ սոցիալական շեշտադրումներով եւ արտաքին քաղաքական հստակ դիրքորոշումներով, ինչի մասին մանրամասն առաջիկայում կտեղեկացնենք: Այս ամբողջ բաղադրիչների համադրությունը մեզ թույլ է տալիս համոզմունք հայտնել, որ նոր ձեւավորվող քաղաքական ուժը մրցունակ կլինի եւ հանրության շրջանում վստահություն ձեռք կբերի:

– Առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվո՞ւմ եք մասնակցել, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Մեր առաջնային նպատակը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է, որը պահանջում է կազմակերպչական լուրջ աշխատանք, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու հաշված ամիսներ անց: Ակնկալիքների առումով չեմ ցանկանա ամպագոռգոռ մտքեր հնչեցնել: Որպես նորաստեղծ քաղաքական ուժ մեր մինիմալ նպատակը կլինի անցողիկ շեմի հաղթահարումը, իսկ մաքսիմումի մասին դեռ վաղ է խոսել, քանզի քաղաքական դաշտը դեռեւս ձեւավորման փուլում է, եւ մասնակիցների ամբողջական պատկերը ունենալուց հետո հնարավոր կլինի խոսել դրա մասին:

– Ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագրին» չանդամակցեցիք, քանի որ թավշյա հեղափոխության օրերին ակտիվ մասնակցում էիք հանրահավաքներին:

– Թավշյա հեղափոխության հանրահավաքներին ես մասնակցել եմ եւ աջակցել եմ շարժմանը նախեւառաջ այն ամուր համոզմունքով, որ Հայաստանում այլեւս իրավիճակ պետք է փոխվի, քանզի բոլոր ոլորտներում առկա ճահճացած վիճակը, համատարած կոռուպցիան եւ ապօրինությունները մսխել էին մեր պետության դիմադրողականության վերջին ռեսուրսները: Կար քաղաքական թիմ ու ղեկավար, ով լուրջ մարտահրավեր էր նետել նախկին իշխանություններին, եւ ուրեմն պետք էր աջակցել, եւ ես աջակցել եմ: Ուրախ եմ, որ համաժողովրդական պայքարի ու աջակցության արդյունքում այդ փոփոխությունները տեղի ունեցան: Ես եղել եմ այդ հարյուր հազարավոր ակտիվ մասնակիցներից եւ աջակիցներից մեկը՝ առանց որեւէ ավելորդ ակնկալիքի:
Պարտադիր չէր, որ հեղափոխությանը ակտիվ մասնակցություն ունեցած յուրաքանչյուր քաղաքացի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ առավել եւս ինչ-որ ակնկալիքներով: Եթե մենք մտահոգ էինք մեր հայրենիքի ճակատագրով, ուրեմն պարտավոր էինք մասնակցել այդ շարժմանը եւ աջակցել: Ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, ունի մրցունակ թիմ, որին պետք է աշխատելու ժամանակ եւ հնարավորություն տրվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031