Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 148 դեպք, անցյալ տարի` ընդամենը 34

Հուլիս 27,2018 13:00

Ծանր հանցագործությունների թիվն այս տարի ավելի մեծ է եղել:

Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական պաշտոնական տվյալներից:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին 1221 ծանր հանցագործություն է տեղի ունեցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 981 դեպքի համեմատությամբ: Փոխարենը պակասել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ նախորդ տարվա 81 դեպքի փոխարեն այս տարի դառնալով 77:
Գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը նույնպես աճել է: Անցյալ տարի մեր երկրում տեղի է ունեցել 7946 դեպք, այս տարի` 8316:
Հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ այս տարի կատարվել է 19 հանցագործություն: Անցյալ տարի նշյալ ժամանակահատվածում 21 նման դեպք է արձանագրվել: Չնայած ծանր հանցագործությունների թիվն աճել է, այդուհանդերձ անցյալ տարի ավելի շատ մարդ է սպանվել: 2017-ի հունվար-մայիս ամիսներին սպանվել է 25 քաղաքացի, այս տարի` 19: Սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները 2 դեպքով պակասել են` նախկինում 45-ի փոխարեն դառնալով 43, որից 11 դեպքը բռնաբարության փորձ է եղել` անցյալ տարվա 13-ի համեմատությամբ:

Ուշագրավ է, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 148 դեպք, անցյալ տարի` ընդամենը 34: Խարդախության դեպքերի թիվը նույնպես աճել է: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում ոստիկանությունը արձանագրել է խարդախության երկու դեպք, այս տարի` 5-ով ավելի: Այս տարի կողոպուտների թիվը նույնպես բարձր է. անցյալ տարի կողոպուտի 56 դեպք է գրանցվել, այս տարի` 70: Փոխարենը նվազել են գողությունները՝ անցյալ տարվա 2413-ից այս տարի դառնալով 2226: Ըստ նույն աղբյուրի՝ այս տարի բնակարանային գողություններն են ավելացել: Եթե անցյալ տարի 335 բնակարան է թալանվել, այս տարի՝ 56-ով ավելի:
Ավելացել են նաեւ տրանսպորտային միջոցները փախցնելու դեպքերը: Անցյալ տարի 15 քաղաքացի է տուժել այս հանցագործությունից, այս տարի` 19:
Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետեւանքով տուժել է 432 քաղաքացի, որից մահվան ելքով՝ 82 քաղաքացի: Անցյալ տարի այս նույն դեպքերից տուժել են 252 քաղաքացի, որից 50-ը՝ մահվան ելքով:

Խուլիգանության դեպքերը գրեթե կրկնակի աճել են: Անցյալ տարի այս հանցագործության 68 դեպք է արձանագրվել, այս տարի` 116:
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, սակայն, պակասել են: Եթե անցյալ տարի նման 458 դեպք է արձանագրվել, այս տարի` 423:
Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի պաշտոնեական լիազորությունները չարաշահել են, այդ թվում՝ կաշառք են ստացել կամ միջնորդել, որ ստանան, գրեթե նույն թվով պաշտոնյաներ: Անցյալ տարի 71 նման դեպք է արձանագրվել, այս տարի` 72:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել 19 քաղաքացի, անցյալ տարի 7-ով ավելի է այդ հանցագործության թիվը:
Այս տարի երկու դեպքով ավելի է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը` 1088 դեպք:
Այս տարի կեղծ փողեր, արժեթղթեր են պատրաստել եւ այլ տնտեսական հանցագործություններ են արել 215 քաղաքացի, անցյալ տարի նման հանցագործությունների թիվը ավելի մեծ է եղել` 294 դեպք:

Այս տարի բարձր է նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը` անցյալ տարի արձանագրված 263 դեպքի համեմատությամբ այս տարի գրանցվել է 499 դեպք:
Ամենաշատ հանցագործություններն այս տարի գրանցվել են Երեւանում` 3797 դեպք, որից 632-ը՝ ծանր, 47-ը` առանձնապես ծանր: Մայրաքաղաքից հետո հանցագործությունների թվով առաջատար է Կոտայքի մարզը: Այստեղ գրանցվել է 813 դեպք, որից ծանր հանցագործությունները 110-ն են, առանձնապես ծանր` 2 հանցագործություն: Լոռու մարզը նույնպես առաջատար հորիզոնականներում է: Այս տարի մարզում գրանցվել է 695 հանցագործություն, որից 5-ը՝ առանձնապես ծանր: Շիրակի մարզում էլ արձանագրվել է 560 դեպք: Այս մարզում 78 դեպքը ծանր հանցագործություններն են, 1-ը` առանձնապես ծանր:

Տավուշի մարզում 368 դեպք է արձանագրվել, որից 160-ը՝ ոչ մեծ ծանրության, 175-ը՝ միջին ծանրության, 32 դեպք՝ ծանր, 1 դեպք էլ՝ առանձնապես ծանր:
Ամենաքիչ հանցագործությունները Վայոց ձորում են գրանցվել` 81 դեպք, որտեղ առանձնապես ծանր հանցագործություն չի արձանագրվել, բայց 7 ծանր դեպք է գրանցվել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

26.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031