Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Հուլիս 27,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանութերորդ

ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «հիմի որ Արմենչոն Մուշեղի պատմությունը պատմի, կտեսնես՝ ինչ ուժեղ ոճ ունի», եւ Խորիկը թարս նայեց Հրանտին ու սրտնեղած ասաց՝ «դուք չեք թողնի, որ Արմենն էդ պատմությունը պատմի», եւ Հրանտը Խորիկին հանգստացնելով ասաց՝ «շատ մի նեղսրտի, կպատմի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քո ձեռքից ո՞ւր պիտի փախչի», եւ ես ժպտալով Խորիկին ասացի՝ «որ չխանգարեք, հենց հիմա կսկսեմ», եւ Խորիկն ինձ ասաց՝ «չենք խանգարում, դե սկսի», բայց, նախքան էդ պատմությունը սկսելս, պիտի արդարանալով ասեմ, որ հիմա իրենց էսպես մտերմիկ Խորիկ, Ֆրունզ ու Փելեշ եմ ասում, որովհետեւ իրենք ժողովրդի ու իրենց երկրպագուների համար Խորիկ, Ֆրունզ ու Փելեշ են, եւ չնայած Ֆրունզիկին ու Խորիկին դեռ վաթսունականներից՝ հորս արհեստանոցից էի ճանաչում, իրենց էսպես մտերմիկ Ֆրունզ ու Խորիկ չէի ասի ու գրի, որովհետեւ էդ պահի դրությամբ ես ընդամենը երիտասարդ բանաստեղծ էի, իսկ իրենք՝ վաղուց ճանաչված ու սիրված անուններ, իսկ ինչ վերաբերում է Արտավանզդ Փելեշյանին, իրեն ընդամենը երկրորդ անգամ էի էդպես մոտիկից տեսնում, եւ Վանուշի ու Շռամ Սամոյի միջոցով էի իր հետ ծանոթացել, եւ չնայած Մոսկվայի  Գրողների տան ռեստորանում Վանուշի, Շռամ Սամոյի ու Փելեշյանի հետ մինչեւ գիշերվա տասներկուսը նստել էինք, Փելեշյանն ինձ չէր հիշում ու տեղը չէր բերում, եւ չնայած ինձ չէր հիշում, ինքն էլ էր Խորիկից ոչ պակաս հետաքրքրությամբ սպասում, որ Ֆրունզի  մասին Մուշեղի էդ պատմությունն սկսեմ, եւ չնայած Մուշեղին էլ էսպես մտերմիկ Մուշեղ եմ ասում, ինքն էն ժամանակ իմ ու իմ սերնդակից գրողների համար ընկեր Գալշոյան էր, որովհետեւ ինքն էդ թվերին «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գրականության բաժնի վարիչն էր, եւ անձամբ իրենից էր կախված մեր գրքերի տպագրությունը, եւ անձամբ իր շնորհիվ ու անձամբ իր կամեցողությամբ էլ մեր առաջին գրքույկները տպագրվեցին, իսկ որ  Տիգրան Մանսուրյանին Տիգրան եմ ասում ու Հրանտ Մաթեւոսյանին՝ Հրանտ, դրա մեջ որեւէ չափազանցություն չկա, որովհետեւ երկուսի հետ էլ բավական մոտ էի, եւ երկուսն էլ ինձ որպես բանաստեղծ արդեն ճանաչում ու նույնիսկ ընդունում էլ էին, եւ Հրանտն ինձ  մտերմիկ հնչերանգով Արմենչո էր ասում, իսկ ինչ վերաբերում է Ջիգարխանյանին ու Աղասի Այվազյանին, իրենց ընդհանրապես որեւէ կերպ չէի դիմում, եւ եթե էդ օրը դիմած էլ լինեմ, պիտի ընկեր Ջիգարխանյան ու ընկեր Այվազյան ասած լինեմ, եւ ընդհանրապես՝  իզուր եմ էս անունների առումով էսքան տարածվում ու արդարանում, եւ երդվյալ ընթերցողներիցս մեկն էս վեպիս առումով վերջերս ինձ շատ ճիշտ դիտողություն արեց՝ «արդեն սկսել ես յուղ վառել», եւ էս խեղճությունս հենց  յուղ վառելու նշան է, եւ խեղճություն ասելով՝ հենց էս անվերջ արդարացումներս նկատի ունեմ, ինչպես նաեւ՝ էս անվերջ ու անտեղի բացատրություններս:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031