Ավետիք Իշխանյանը «Առավոտում» հրապարակված «Այս անգամ՝ ճշտով» նյութում անդրադարձել է «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի հարցազրույցին, որտեղ նա «Վազգեն Սարգսյանի հետեւից հաչալը անբարոյականություն» էր անվանել:
Ըստ պարոն Իշխանյանի, Ղազարյանը, առանց անունը տալու, որպես թիրախ, հայհոյանքներն ուղղում է դեպի իրեն, ուստի եւ արձագանքել է դրան:
Այսօր մեզ հետ զրույցում Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ կոնկրետ որեւէ մեկի նկատի չի ունեցել, այդ թվում՝ Ավետիք Իշխանյանին. «Ես վրդովված ընդհանուր վիրավորական խոսքեր ասել եմ, բայց անկախ նրանից՝ ես այդ մարդուն հարգում եմ, թե չեմ հարգում, ես այդ մարդու ծնողների նկատմամբ ոչ մի բան չունեմ, այս կոնկրետ դեպքում այդ մարդը պատկառելի, հարգանքի արժանի ծնողներ ունի, այնպես որ ես մտածված ոչ մեկի չեմ վիրավորել, առավել եւս՝ այս դեպքում»:
Իշխանյանն ասել էր, որ ԵԿՄ-ն պետք է փակել, հրոսակախումբ են, Ղազարյանն արձագանքեց. «Մեր կողքի Այգավան գյուղն ունի իր ասած փոքրիկ հրոսակախումբ, հրամանատարի անունն էլ թարսի պես էլի Մանվել է: 2007-ին եկան ինձ մոտ, ասին՝ խայտառակ բան է կատարվում գյուղում, բազմանդամ ընտանիք կա, ապրում են գետնափոր խցում, կարտոշկի հորը, որ փորում են, դրանից մի քիչ մեծ, ծածկ է արած ու ընտանիք է ապրում, ուզում ենք օգնես, երեխեքին այդ գետնափորից հանես: Կարճ ժամանակում կազմակերպեցինք, շարժական տնակներ առանք, բերեցինք, հանեցին երեխեքին: Հիմա այս մարդիկ հրոսա՞կ են, թե՞ իրենց ժողովրդի ամենօրյա հոգսով ապրող մարդիկ են: Սա մի էպիզոդ է, մարդիկ հասկանան՝ մտածված ջո՞ւր են լցնում հակառակորդի ջրաղացին՝ առաջարկելով լուծարել ԵԿՄ-ն: Գիտեք, Վազգեն Սարգսյանը նաեւ մեր բանակի հիմնադիրն է, եկեք ուրեմն բանակն էլ լուծարենք, շուտով դա էլ կասեն»:
Պարոն Իշխանյանն ասել էր, որ Մանվել Ղազարյանը 1991-1992թթ. եղել է Արարատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն. «Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ ֆաբրիկան։ Իհարկե թալանվեց։ 1993-1997թթ.՝ Վեդու գինու գործարանի տնօրեն, 1997թ.՝ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: Այդ ե՞րբ է սույն երկրապահը մասնակցել մարտերին և «փամփուշտի մի հատ սուլոց» լսել»:
Մանվել Ղազարյանը պարզաբանեց, որ այն ժամանակ բոլոր ֆաբրիկաներն են կանգնել, որովհետեւ էներգետիկ ճգնաժամ է եղել. «Ես հիմնարկը օգուտով փակել եմ, վնաս չեմ տվել: Դրանից մի քանի ամիս հետո ինձ նշանակել են գինու գործարանի տնօրեն: Այ եղել է ՀՀ-ում եղած գործարանների մեջ ամենավերջիններից մեկը, իսկ ես 5-6 տարվա ընթացքում այն դարձրել եմ ամբողջ Կովկասով մեկ հզորություն: ՀՀ-ում ցորենի սպիրտի արտադրություն չի եղել, դրա հիմնադիրը ես եմ եղել: Փաստերով կա, մենք որոշել ենք զբաղվել հայկական գինեգործության զարգացմամբ»: Նա ասաց, որ իր անցած ճանապարհի մասին ովքեր կասկածում են, կարող է տալ քաղվածք, թե որտեղ է աշխատել ու ինչ գործունեություն է ծավալել:
Ինչ վերաբերում է նրան՝ փամփուշտի սուլոց լսած կա, թե չկա՝ նա ասաց. «Ես ոչ միայն փամփուշտի սուլոց եմ լսել, ես թուրքերի եմ գնդակահարել»:
Մանվել Ղազարյանի խոսքով՝ «Վազգեն Սարգսյանն ինձ համար ու մեր բոլոր ընկերների համար մնում է ազգային հերոս, մեծ մարդ, մեծ քաղաքական, պետական գործիչ՝ անկախ այն բանից, թե վերջին 20 տարիների ընթացքում ինչքան են ուզեցել նսեմացնել իր դերը մեր հայրենիքի կայացման գործում: Ժամանակը կդնի ամեն ինչ իր տեղը: Այնպես չի, որ Գարեգին Նժդեհին, Անդրանիկին, Գեւորգ Չաուշին, Դրոյին բոլորը սիրել ու երկրպագել են, բոլորն էլ մարդկային թերություններով, բոլոր տեսակի կողմերով օժտված անհատականություններ են եղել, բայց պատմության մեջ մնացել են որպես մեծ հայեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչ դու, ինչ քո «հերոսը»՝ սովխոզի (36 1 36 12 1 22) մոզիներ: