Հուլիսի 26-ին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2018 թվականի առաջին կիսամյակում դատախազության կողմից կատարված աշխատանքի արդյունքը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի մարզի տարածքում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 120 դեպքով: 2018 թվականին արձանագրվել է հանցագործության 846 դեպք: Դրանցից բացահայտվել է 728-ը: Անցնող 6 ամսվա ընթացքում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 7 դեպք, նախորդ տարվա 5 դեպքի դիմաց: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 113 դեպք, նախորդ տարվա 51 դեպքի դիմաց: Դատախազը տեղեկացրեց, որ աճել են նաեւ միջին ծանրության հանցագործության դեպքերը, արձանագրվել է 293 դեպք:
Արսեն Մարտիրոսյանի կարծիքով՝ դեպքերի ավելացումը պայմանավորված է դրանց պատշաճ հաշվառման եւ գրանցման հանգամանքով. «Մենք ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, երբ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմաց քաղաքացին հայտարարել է, որ այդ վնասվածքները ստացել է ընկնելու արդյունքում: Բայց հետագայում, քննության, նյութերի պատրաստման, քրեական գործ հարուցելուց հետո նախաքննության ընթացքում հերքվել է անձի կողմից հայտնված տվյալները, եւ հաստատվել է մեկ այլ անձի կողմից այդ անձին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստը»:
Նախորդ 6 ամսվա տվյալներով այս տարի մարզի տարածքում 20,1 տոկոսով ավելացել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, կազմելով 317 դեպք, նախորդ տարվա 264 դեպքի դիմաց: Հանցագործության աճին զուգահեռ նվազել է նաեւ բացահայտման ցուցանիշները, կազմելով 79,2 տոկոս: Նախորդ տարի ցուցանիշը կազմել է 89 տոկոս:
Մարզում 2-ով նվազել են գողության դեպքերը: Առաջին կիսամյակի տվյալներով այս տարի արձանագրվել է գողության 185 դեպք: Փոխարենը 104,5 տոկոսով աճել են բնակարանային գողության դեպքերը: Նվազել է նաեւ գողության բացահայտման դեպքերը: Եթե նախորդ տարի գրանցված 22 դեպքից բացահայտվել է 13-ը, ապա այս տարի արձանագրված 45 դեպքից բացահայտվել է 22-ը . «Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ մարզի տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով բնակարանային գողությունները կրկնակի աճել են: Այստեղ էլ դեպքերի աճը կրկին պայմանավորված է պատշաճ հաշվառման ու գրանցման հանգամանքով: Այսինքն, բացառվել են գողության դեպքեր, որոնք որ նախկինում ձեւավորված պրակտիկայի պայմաններում ոստիկանության համապատասխան մարմինների կողմից չէին գրանցվել ու հաշվառվել, եւ այդ ուղղությամբ քննություն չեն իրականացվել»:
Դատախազը տեղեկացրեց, որ բնակարանային գողությունները նվազեցնելու նպատակով, համապատասխան միջնորդագրեր են հասցեագրվել ոստիկանության եւ ՏԻՄ ներկայացուցիչներին, առաջարկելով քննարկել մարզի այն հավանական վայրերը, որտեղ պետք է ապահովվեն լուսավորությամբ եւ տեղադրվեն տեսագրող սարքեր. «Մի քանի օր առաջ խոսակցություն եմ ունեցել Վանաձորի քաղաքապետի հետ: Ինձ հավաստիացրեց, որ արդեն իսկ այս տարվա բյուջեով հատկացվել է տեսագրող սարքեր ձեռք բերելու միջոցներ, եւ մինչեւ օգոստոսի 15-ը ոստիկանության հետ համատեղ ձեռք են բերելու 35-40 տեսագրող սարքեր: Դրանք կտեղադրվեն մարզի տարածքում գործող այն հավանական վայրերում, որտեղ արձանագրվել են մեծաքանակ բնակարանային գողություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ