ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2016թ., բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, 2018թ. հուլիսի 6-ին՝ ժամը 23:15-ին, մահացել է: Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել նշված բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե