Քիչ առաջ կառավարությունում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հերթական քննարկումը: Վարչապետին առընթեր հանձնաժողովի հյուրերն այսօր արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Այս քննարկմանը, սակայն, լրագրողները ներկա գտնվել չեն կարող այն պարզ պատճառով, որ կառավարության լրատվական բաժինը լրագրողների մասնակցության ցուցակ չի իջեցրել հսկիչ կետ: Թե ինչ միտումով կամ ում թերանալու պատճառով այդ ցուցակը չի իջեցվել, Aravot.am-ը չկարողացավ պարզել, քանի որ մեզ հայտնի որեւէ հեռախոսահամարով աշխատակիցներն այդպես էլ չարձագանքեցին:
Ի դեպ, մի ուշագրավ մանրամասն եւս այդ հանդիպումից. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մինչ քննարկման մեկնարկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս հավաքը տեղի է ունենում որոշ կուսակցական գործիչների ճնշմամբ: Նախկինում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ նման մի քննարկում կայացել է, որին չեն հրավիրվել հանրությանը հայտնի շատ քաղաքական գործիչներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Պետրոս Մակեյանի պնդմամբ՝ ընտրովի քննարկումից հետո ինքը զանգահարել է հարցով զբաղվողներին եւ «մի քանի սիրուն բան ասել»: Նա տեղյակ է, որ այլ քաղաքական գործիչներ եւս այդ կերպ են վարվել: Արդյունքում՝ կառավարությունում նախաձեռնվել է այս քննարկումը:
Այսօր այդ քննարկմանը կառավարությունում մասնակցում էին Պետրոս Մակեյանը, Ազգային ժողովրդավարական դաշինք եւ ԱԺՄ կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի Առաջադիմական կոմկուսի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության, Հիմնադիր խորհրդարանի եւ այլ ուժերի ներկայացուցիչներ:
Բուն քննարկումների մասին մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ