Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերություններ կան, որ հաղթում են պետական գնումներում, բայց ընդհանրապես աշխատող չունեն»

Հուլիս 26,2018 17:38

«Կարեւոր է բյուջետային ծախսերի դինամիկան, ինչը ցույց է տալիս, որ 2017 թվականին պաշտպանության նախարարության բյուջեն 200 միլիարդից աճել է մինչեւ 294 միլիարդ դրամի»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ «2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները» զեկույցի ներկայացման ժամանակ: Ուսումնասիրությունը վերաբերում է ուժային կառույցներին:

Տնտեսագետն անդրադառնալով պետական գնումների մրցույթներին, նշեց.«Պատկերավոր ասած՝ այս 32 միլիարդ դրամանոց «տորթը» բաշխվում է 358 հաղթողների միջեւ: Առաջին տեղը «Ֆլեշ»-ն է, «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն , «Գազպրոմ»-ը, «Ավանգարդ» ՍՊԸ-ն, «Էլիտ» ՍՊԸ-ն եւ այլն: Սրանք խոշոր հիմնական հաղթողներն են, որոնք տարիներ շարունակ մրցույթների հաղթողներ են եղել: Մրցույթների հաղթողների քանակին երբ նայում ենք, տեսնում ենք, որ մեկ մրցույթի են մասնակցել, այսինքն՝ այնպես չէ, որ մի քանի մրցույթների արդյունքում է եղել»: Այսինքն, ինչպես տնտեսագետը բացատրեց՝ քանակային առումով կենտրոնացվածություն չկա, իսկ ֆինանսական առումով՝ կա. «Ընդհանրապես, գնումների շուկան բավականին կենտրոնացված է»:

Մանուկյանը ուսումնասիրության արդյունքում ուշագրավ միտում է նկատել՝ գերատեսչությունները տնտեսված գումարները չեն վերադարձնում պետական բյուջե, այլ զանազան հուշանվերներ ու «աքսեսուարներ են» գնում. «Տարեվերջին են հիմնականում գնում հուշանվերներ, ինչը պայմանավորված է նրանով, որ տնտեսած գումարը ոչ թե վերադարձնում են բյուջե, այլ ծախսում են ոսկե ժամացույցների եւ այլ հուշանվերների վրա: Սա նշանակում է, որ այստեղ կան բյուջետային անարդյունավետ ծախսեր, քանի որ կարող են գնել մի բան, որն այդ պահին նպատակահարմար չէ»:

Մանուկյանի ներկայացմամբ՝ մրցույթներին հաճախ հաղթում են ընկերություններ, որոնք, ասենք, աշխատուժի ստվեր ունեն կամ հաղթում են պետական գնումների մրցույթում, իսկ գրանցված աշխատող չունեն. «Կա միլիոնավոր դրամների հասնող հանդերձանքի պայմանագիր սպասարկող ընկերություն, բայց հայտարարագրել է մեկ աշխատակցի: Օրինակ՝ «Գարանտ ՍՊԸ»,-ն մեծ ծավալի շինարարություն է անում՝ 544 միլիարդ դրամի, բայց 8 աշխատող ունի, ինչը շատ կասկածելի է»:

«Մանուել» ՍՊԸ-ն, ըստ տնտեսագետի, 6.2 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ է մատուցել, բայց երբ ստուգում ենք զինծառայողների հիմնադրամին կատարած փոխանցումները (խոսքը յուրաքանչյուր աշխատակցից հիմնադրամին 1000 դրամների փոխանցման մասին է), հունվարին մեկ աշխատող է հայտարարագրել: Ըստ Մանուկյանի, «Կ.Կ.Ֆ. ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն, որը հանդերձանք է մատակարարում ՊՆ-ին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Քննչական կոմիտեին, ունի միայն մեկ աշխատակից հայտարարագրած. «Նայել ենք նաեւ հայտարարագրերը, գրված է, որ տեղական արտադրություն է, այսինքն՝ ներմուծող չէ, որ ասենք մեկ աշխատող հայտարարագրի»:

Մանուկյանը նաեւ նշեց «Յուտեկ ավտո» ընկերությունը, որը ավտոլվացման կետ է, եւ որն ըստ պայմանագրի պետք է ունենա առնվազն 4 աշխատող, բայց նշված հիմնադրամին 3 աշխատող է ցույց տվել:

«Մյուս խնդիրը ունիվերսալ ֆիրմաներն են, որ համ դերձակի ծառայություն են մատուցում, համ միս մատակարարում: Օրինակ՝ «Ավանգարդ»-ը, միջնորդական գործունեություն է անում, բոլորից վերցնում ու վաճառում է, ու տարբեր ուղղություններով պետական գնումներում միշտ հաղթող է ճանաչվում՚»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031