Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների այսօրվա «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի ժամանակ օգտատերերից մեկն առաջարկեց Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան եւ Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկը կարգավորել լուսացույցով, քանի որ վարորդների համար վթարային իրավիճակներ են ստեղծվում: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի ոստիկանությունը Երեւանի հինգ խաչմերուկներում, որոնք նախկինում կարգավորված չեն եղել, կտեղադրի լուսացույցեր.
«Այդ խաչմերուկները, այդ թվում՝ նշյալ խաչմերուկը, կվերազինվեն, կկահավորվեն լուսացույցերով: Կլինեն նաեւ համապատասխան գծանշումներ եւ ճանապարհային նշաններ»,-ասաց Եգոր Կարապետյանը: Մեկ այլ օգտատեր էլ խնդրել է Արտաշիսյան փողոցում՝ թիվ 27 դպրոցի դիմաց, արհեստական անհարթություն («պառկած ոստիկան») տեղադրել, քանի որ արագաչափը վերջերս հանելուց հետո փողոցը հատելը վտանգավոր է, չնայած՝ հետիոտների համար գծանշումներ կան:
Եգոր Կարապետյանն արձագանքեց. «ՃՈ-ն լավ գիտի, որ տարածքը դպրոցամերձ է. ուսումնասիրում ենք բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է արհեստական անհարթություն տեղադրել եւ տվյալները ներկայացնում ենք քաղաքապետարանին: Բայց ցավոք, որոշ դպրոցամերձ հատվածներում չի թույլատրվում անհարթություն տեղադրել: Դա կարելի է անել մեկ ուղղության վրա մինչեւ երկու երթեւեկելի գոտի ունեցող փողոցում միայն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ