Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը դպրոցների տնօրեններին խստորեն հանձնարարեց զերծ մնալ ցանկացած քաղաքական գործընթացներից

Հուլիս 26,2018 16:57

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը և կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Հ. Մարգարյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 24-ին ՀՀ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային մահացու վիրավորում ստացած Լոռու մարզի բնակիչ,ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի հիշատակը:

Անցնելով քննարկման թեմաներին՝ մարզպետ Հ. Մարգարյանը խստորեն հանձնարարեց զերծ մնալ ցանկացած քաղաքական գործընթացներից և բացառապես զբաղվել բուն գործառույթներով, այն է՝ կրթել և դաստիարակել մատաղ սերնդին, բարձրացնել կրթության որակը, մեծ շեշտադրում կատարել երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության վրա: Նա իր խոսքում կարևորեց նաև դպրոցական խորհուրդների անկախ գործունեությունը, որոնք ոչ թե պետք է տնօրենին սատարող, այլ՝ հակակշռող մարմին հանդիսանան: Մարզպետը հորդորեց նաև զերծ մնալ դպրոցները հարազատ-բարեկամներով համալրելու գործընթացից:

Ն. Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով տարածաշրջանում ներառական կրթության կազմակերպմանը, նշեց, որ Ստեփանավանի տարածաշրջանի դպրոցներն այդ առումով օրինակելի են ողջ մարզում: Նա խոսեց նաև տնային ուսուցման պատշաճ կազմակերպման, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրների մասին՝ այդ առումով կարևորելով դպրոցների սերտ համագործակցությունը համապատասխան կառույցների հետ:

Ն. Սարգսյանն ընդգծեց դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկելու անհրաժեշտությունը, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավոր լինի աջակցել:

Այնուհետև տնօրեններն անդրադարձան դպրոցներում առկա խնդիրներին, որոնք հիմնականում ընդհանրական էին՝ կապված հիմնանորոգումների, սպորտդահլիճների բացակայության, ջեռուցման կազմակերպման, ֆինանսական միջոցների սղության և այլնի հետ: Վերջիններիս վերաբերյալ մարզպետն առաջարկեց գրավոր դիմումներ ներկայացնել՝ վստահեցնելով, որ այն խնդիրները, որոնք մարզպետարանի կարողությունների շրջանակներում են, լուծում կստանան, իսկ առավել ընդգրկուն հարցերն ամփոփ տեղեկանքով կներկայացվեն կառավարությանը:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031