Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների այսօրվա «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի ժամանակ շատ օգտատերեր դժգոհեցին տաքսիների վարորդների մի մասի պահվածքից: «Ուզածի պես են վարում, խանգարում են օրինապահ վարորդներին, իրենց մեքենաները կայանում են հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում»,-գրել էին օգտատերերը:
Բողոքներին արձագանքեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ տեւական ժամանակ է՝ նախազգուշացումներ են անում տաքսիների վարորդների հանդեպ:
«Հասարակական տրանսպորտի կանգառներում կայանողների հանդեպ խիստ ենք լինելու»,-նշեց Եգոր Կարապետյանը: Նրա խոսքով՝ եթե կանգառն արգելող նշանի տակ կայանման դեպքեր լինեն (խոսքն առհասարակ նման կերպ վարվող վարորդների մասին է), իսկ վարորդը չարձագանքի ճանապարհային ոստիկանի նախազգուշացմանը, ապա տրանսպորտային միջոցը քարշակ-մեքենայով կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք:
«Դա կարվի՝ անկախ նրանից, թե ով է մեքենայի սեփականատերը եւ ինչ մակնիշի է մեքենան»,-վստահեցրեց Եգոր Կարապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ