Մոտ մեկ շաբաթ է, Լոռու մարզի Սարամեջ համայնքից՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ են հոսպիտալացվում Սպիտակի բժշկական կենտրոն: Երեխաների մոտ նախնական ախտորոշումը աղիքային ինֆեկցիան է: Թե ո՞րն է ինֆեկցիայի առաջացման պատճառը, դեռ պարզ չէ:
«Կասկածում են, որ ջուրն ու սնունդն է հիվանդության պատճառը: Երեխաները բոլորը տարբեր թաղամասերի բնակիչներ են: Բացի այդ, իրենք օգտվում են տարբեր տեղերի ջրերից: Կան, որ սարերից հոսող ջրից են օգտվում, կան նաեւ ընտանիքներ, որ իրենց տան կողին ջրհոր են սարքել եւ օգտվում են: Թե՛ ջրից է, թե՛ սնունդից, ոչ մի բան չեմ կարող 100 տոկոսով կամ ասել, կամ հերքել: Այս երկու օրը իրավիճակը մեղմացել է: Երեկ դեպք չենք ունեցել, այսօր դեռ չեմ տեղեկացել: Մի մասն էլ արդեն դուրս են գրվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:
Համայնքում վարակի առաջացման պատճառները պարզելու համար նմուշառում են վերցրել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի աշխատակիցները: Այժմ իրականացնում են հետազոտություն. «Կասկածում ենք, որ աղիքային ինֆեկցիա է, բայց կոնկրետ տարբերակում դեռ չկա: Ե՛վ հիվանդներից, եւ՛ ջրից վերցրել ենք նմուշառում, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Աղիքային ինֆեկցիաները հիմնականում փոխանցվում են ջրի եւ սննդի միջոցով»,- ասում է մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:
Աղիքային ինֆեկցիայով հիվանդացած երեխաների թիվը համայնքում հասել է 12-ի: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Սարամեջում նման զանգվածային դեպք երբեւէ չի գրանցվել, սա առաջին անգամն է. «Նման բան մեր համայնքում դեռ չէր եղել: Հիմա մենք քլորացում ենք անում, այս մի քանի օրն էլ ուժեղացած ռեժիմով ենք հետեւում ջրերին: Երեւանից էլ են եկել ստուգել, Վանաձորի սանէպիդկայանից են եկել: Դեռ չգիտենք պատճառը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից