Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հատուկ քննչական ծառայությունում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով՝ վկայի կարգավիճակով:
Մինչ Քոչարյանը կգար, Վաղարշյան փողոցով անցնող քաղաքացիները, տարածքի բնակիչները, իմանալով, որ երկրորդ նախագահն է գալու, տարածքից չէին հեռանում՝ նրա երեսին նայելու եւ սրտում կուտակվածն ասելու համար:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ «Քոչարյանը չարիք է հայ ժողովրդի համար: Կողոպտեց, թալանեց, ամբողջը լցրեց իր տղայի տակը: Իր տղան երիտասարդ՝ 14 մլրդ-ի տեր ա, ուսանող տղա է: Ամբողջ Հայաստանի եկամուտը Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կերան, չարիք էին հայ ժողովրդի համար, էլ ի՞նչ եք ուզում ասեմ»:
Մեր հարցին՝ հիմա նա գալու է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու՝ քաղաքացին արձագանքեց. «Նա չի՛ գալու: Մարտի 1-ն էլ ինքն արավ, Հոկտեմբերի 27-ն էլ ինքն արավ, ամեն ինչն էլ իրա ձեռքով եղավ»:
Մեկ այլ քաղաքացի՝ Լաուրա Ոսկանյանը, որը ինժեներ կիբեռնետիկ ներկայացավ, ՀՔԾ-ի մոտ Քոչարյանին սպասելիս ասում էր, որ եթե ձեռքը շանս լինի՝ իր ձեռքերով կխեղդի Քոչարյանին: Մեր հարցին՝ ինչի՞ համար, ի՞նչ է արել Քոչարյանը՝ նա պատասխանեց. «Ասենք էդ ժամանակահատվածում որ աշխատել է, ի՞նչ է արել, մենակ մեր երեխեքին տարել, մորթել ա տվել: Երեւի հատուկ զակազ էր իրա կողմից՝ չերեզ Ադրբեջան: Էդ ո՞նց ա Նիկոլ Փաշինյանը եղավ՝ ամեն ինչը նորմալացավ, արտաքին գործերի նախարարը փոխվեց, ամեն ինչը եկավ ընկավ հունի մեջ: Իրանք չէի՞ն կարում անեին: Ժողովուրդը հա պայքարում էր, ասում էր՝ ռադ եղեք, հոգնել ենք ձեզանից, չենք ուզում ձեր երեսը տենանք, դրա համար: Ի՞նչ մի լավ բան ա արել, որ մեկն էլ խոսացել ա՝ կաբինետներում թխկցրել են»:
Ըստ Ոսկանյանի, Քոչարյանը ժողովրդին տարել է դեգրադացիայի ու մեկը մեկին իշխանություն է փոխանցել՝ նույն բարքերով առաջնորդվելով. «Քոչարյանը ոչ միայն Մարտի 1-ի, էդ ընթացքում, որ ղեկավարել է Հայաստանը, պիտի ամեն մի ժամի համար պատասխան տա: Մարտի 1-ը իրա տեղը, բայց որ էդ ընթացքում ինքը ղեկավարել է, պիտի պատասխան տա: Մարտի 1-ը հասկացանք, բանակը պետք է պաշտպանի ժողովրդին արտաքին թշնամուց, ոչ թե կրակի ժողովրդի վրա: Հանձնաժողով է եղել, որոշել են, բայց դե Սահմանադրությունը նենց են գրել, հիմա ասում են էդ կետը չկա, ջհանդամին լինի: Հրայր Թովմասյանին թող տանեն գնդակահարեն՝ իրա գրած Սահմանադրության համար: Մենակ ինքը գիտի, սուպերվարչապետ Սերժ Սարգսյանի համար գրել են, մաթեմատիկ մարդը չի կարողանում վերծանի»:
Ըստ կնոջ, Մարտի 1-ի գործով Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը երեքն էլ որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն, ոչ թե որպես վկա. «Հերիք ա, էնքան սուտ են խոսացել, որ էլ տեղ ու դադար չկա: Պարոն Պուտինն ասում ա՝ հերիք ա, հերքի, ես ձեզանից շատ եմ հայությանը նայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ