Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչ լարված էին կրքերը Գորիսի պետական համալսարանում եւ ինչպես էին դեկաններն ու մի շարք աշխատակիցներ պահանջում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալ Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը: Ի պատասխան այս ընդվզման, Ղուկասյանը բոլոր դժգոհներին ազատել է աշխատանքից: Օրինակ, Գորիսի պետական համալսարանի ռեկտորը կրկնակի նկատողություն տալուց հետո հուլիսի 3-ին լուծել է Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ուսանողների հարգանքը վայելող Մհեր Քումունցի պայմանագիրը: Սրան հետեւել են ուսանողների բողոքի գործողությունները, բաց նամակը ռեկտորին, ԿԳ նախարարին:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քումունցը հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանի, այսպես կոչված, ամբողջ խմբավորումը թեեւ արդեն ցրված է, իսկ իրենց համալսարանում վերջին կուտակումն, այնուամենայնիվ, մնացել է. «Ղուկասյանն ամենայն հավանականությամբ մինչ օրս կապ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ եւ նրա հրամաններն է կատարում: Նա իր շուրջն է հավաքել Սուրիկ Խաչատրյանի մարդկանց, օրինակ՝ փաստաբանի հովանավորյալին, ընտրություններում ընտրակեղծիքներ թույլ տված նախկին ուսանողուհու…Իրենք ուզում են սա այն քողով ծածկել, որ իբր պայքարում են ՀՀԿ-ականների դեմ, ընդ որում՝ ես երբեք ՀՀԿ անդամ չեմ եղել»:
Մհեր Քումունցը հույս ունի, որ Գորիսի պետական համալսարան մեկնած ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր աչքով ամեն ինչ կտեսնի ու խնդրին օբյեկտիվ լուծում կտա: «Հույս ունեմ, որ նա կհամոզվի, որ այստեղ ոչ մի քաղաքական պայքար չկա: Մամուլում մի տեղ տեսա, որ մեզ մեղադրում են ՀՀԿ-ի շահերին ծառայելու ու այդ ամենում ուսանողներին ներգրավելու մեջ:
Ես 20 տարի պայքարել եմ այդ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Սուրիկ Խաչատրյանի դեմ, մինչդեռ ինձ այսօր մեղադրում են այդ կուսակցությանը ծառայելու մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա չթաքցրեց, որ մասնակցել է Գորիսից ՀՀԿ պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի քարոզարշավին, ընդգծեց, որ դա արել է Սուրիկ Խաչատրյանի դեմ պայքարելու, վախի մթնոլորտը մարզում վերացնելու նպատակով:
«Ռեկտորը հայտարարել է, թե իբր չարաշահումների դեմ է պայքարում, որ համալսարանում եղել են չարաշահումներ, բայց ես ուզում եմ շեշտել` համալսարանում որեւէ քայլ, որեւէ շարժում առանց ռեկտորի գիտության չի լինում: Եվ դրական, եւ բացասական ամեն ինչի մեջ ռեկտորն ընդգրկված է, եթե անգամ ուսանողը բացակայում է, ռեկտորը տեղյակ է»,-ասաց Մհեր Քումունցը:
Հավելենք, որ Aravot.am-ը տարբեր առիթներով կապվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանի հետ: Նա մշտապես չի մեկնաբանել իր` Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը լինելու վերաբերյալ հարցը ու միշտ ասել է, որ ռեկտորներն իրենց անհատական խնդիրներն են հետապնդում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Մհեր Քումունցի ֆեյսբուքյան էջից:
բայց Առուշը որ քաղաքապետ էր դառնում, լիսկան չէր մարզպետ, էն երևանցին էր արդեն,էս տղեն ում դեմ է պայքարել
խնդրում եմ նկատի ունեցեք իմ մեկնաբանությունը ձեր հետագա լուսաբանումների համար. 20 տարի լիսկայի դեմ իբր պայաքրող այս Գպհ դասախոս Քումուցը 2012 և 13 թթ խմբագիրն է եղել և՛ լիսկայի սյունիքի պատմության մասին մենագրության և՛ դոկտորական դիսերտացիայի: երեկ լսեցի այդ մասին Գորիսի համալսարանում կրթության,գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Նախարարն էլ էր զարմացել, մյուսներն էլ: