Ոստիկանության պաշտոնյաների «ֆեյսբուքյան» ուղիղ միացման ժամանակ այսօր վարորդներից մեկը մեկնաբանության տեսքով դժգոհեց Menu.am ընկերության՝ «մոպեդ»-ներով երթեւեկող վարորդ-առաքիչներից: Օգտատերը գրել էր, որ նրանք խախտումներով են վարում՝ «ոչ կարմիր լույս են հաշվի առնում, որ գծանշումներ»: Խնդրի առնչությամբ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ վերջին երկու ամսում Menu.am-ի «մոպեդ»-ների մասնակցությամբ մի քանի ՃՏՊ է գրանցվել:
«Վերջերս Menu.am-ի սեփականատերերը հրավիրվել են ՃՈ, զրույց է անցկացվել նրանց հետ: Արդյունքում «մոպեդ»-ների վրա տեղադրվեցին հերթական համարներ, որոնք կհեշտացնեն ՃՈ-ի աշխատանքը՝ վարորդներին կարգի հրավիրելու հետ կապված»,-նշեց Եգոր Կարապետյանը:
Նրա խոսքով. «Ճանապարհային ոստիկաններն ամեն ինչ փորձում են անել, որպեսզի կարգի բերեն խնդիրը: ՃՈ-ի համար տարբերություն չկա՝ «մոպե՞դ» է, թե մոտոցիկլ, որը առաքման ծառայություն է կատարում: Եթե խախտում է անում, վարչական արձանագրություն է կազմվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ