Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներում-զիջում չի լինի». օրինախախտ վարորդները նոր տեսակի տուգանքի կենթարկվեն՝ բալային համակարգով

Հուլիս 26,2018 15:37

Շուտով ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրինախախտ վարորդների հանդեպ պատժի նոր մեթոդ է կիրառելու՝ բալային համակարգ: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 23-ից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների ինտենսիվություն է նկատվում:

Հիշեցնենք՝ այդ ժամանակահատվածում հայտարարվեց, որ մի քանի տարվա վարչական տուգանքները (վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ) ներվելու են, ինչից հետո վարորդների մի մասն առիթից օգտվում է եւ խախտումներ անում: «Իրավախախտումների քանակը ավելացել է որոշակի խմբի վարորդների կողմից, որոնք ճիշտ չեն ընկալել վարչական տուգանքները ներելու մեր քաղաքականությունը: Նրանք ավելի շատ խախտումներ են թույլ տալիս, մինչդեռ դրանից պետք է խուսափել՝ անկախ նրանից՝ տվյալ հատվածում ոստիկանությունը վերահսկո՞ւմ է իրողությունը, թե ոչ»,-արձանագրեց Արմեն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ Ոստիկանության թիրախում կլինեն հենց այդ խմբի վարորդները, որոնք հերիք չէ՝ խախտումներ են անում, նաեւ՝ ինչ-ինչ պատճառներով չեն վճարում վարչական տուգանքները. «Նրանց հանդեպ կգործի բալային համակարգ՝ բաղկացած ինը բալից: Որոշակի խախտումներ կատարելուց հետո բալերն աստիճանաբար կսպառվեն, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի վեց ամսով: Վստահ ենք, որ այս մեթոդով կկարողանանք նվազագույնի հասցնել խախտումների քանակը»:

Օգտատերերից մեկն էլ այս խնդրի շուրջ մեկնաբանություն էր գրել, որ վարորդների խախտումների պատճառով «քաղաքում խայտառակ վիճակ» է: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն այս առնչությամբ նշեց, որ գրեթե ամեն օր երեկոյան ժամերից ուժեղացված ծառայություն է կատարվում՝ մինչեւ գիշերվա ժամը երկուսը. «Համապատասխան աշխատանք տանում ենք: ՃՈ-ն խիստ է վերաբերվելու օրինախախտ վարորդներին ու հետիոտներին: Ներում-զիջում չի լինելու, ուստի կրկին կոչ ենք անում՝ պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031