Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 26-ին ընդունել է Արցախում նպաստամատույց գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների՝ «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանի գլխավորությամբ։
Հանդիպման հիմնական թեման կազմել է Արցախում ֆոտովոլտայիկ վահանակների (արևային էներգետիկա) հետագա ծավալումն ու զարգացումը։ Արձանագրելով վերականգնվող էներգիայի այդ տեսակի սոցիալ-հումանիտար և բնապահպանական կարևորությունը՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ արցախյան իշխանությունները հետայսու նույնպես պատրաստ են շարունակել ոլորտի զարգացումը մասնավոր գործընկերների հետ։
Քննարկման մասնակիցները կարևորել են արևային էներգիայի սպառողների հոսանքահաշվիչ համակարգերի առանձնացումը մայր ցանցից և հաշվարկային հստակ մեխանիզմի կիրառումը։ Դրական ընդունելով այս առաջարկը՝ պետնախարարը հյուրերին տեղեկացրել է, որ իշխանությունները նախատեսում են արդեն այս աշնանն օրենսդրական նորամուծություններ իրականացնել, որոնք Հայաստանի Հանրապետության օրինակով թույլ կտան ինքնավար արևային կայաններ ունեցող մենատնտես քաղաքացիներին էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել «Արցախէներգո» ՓԲԸ-ին։
Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանն առաջարկել է հյուրերին ապագայում ֆինանսական միջոցների բավարար առկայության պարագայում արևային էներգիայի զարգացման տեսանկյունից ուշադրության կենտրոնում պահել նաև Շահումյանի շրջանը՝ որպես վերաբնակեցված գոտի։ Ներկայումս առտնին և համայնքային նշանակության արևային վահանակներ կան Շուշիի և Ասկերանի շրջաններում։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին