Կատարյան Al-Jazeera հեռուստաալիքը «Talk to Al Jazeera ծրագրի շրջանակում հարցազրույց է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Մոտ կես ժամ տևած զրույցում ՀՀ վարչապետը խոսել է հարևան երկրների հետ փոխհարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և դրա հետևանքների մասին:
Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ ինքը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահին՝ լուծելու ԼՂ հակամարտությունը: Ինչ վերաբերում է Թուրքիային, նա նկատել է, որ Հայաստանի կողմից թուրքական սահմանը երբեք չի փակվել, և որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
Խոսելով ներքին խնդիրներից՝ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար երաշխավորում է հավասարություն օրենքի սահմաններում և խաղի հավասար կանոններ բոլորի համար: Նա երաշխավորել է ցանկացած տեսակի ներդրումների անվտանգություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բիզնես սկսել Հայաստանի հետ և Հայաստանում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=x7-XyamE7Ww