Թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում շատ լավ հասկանում են, որ պատերազմի վերսկսման վտանգ իսկապես կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրան ավելացնում է, որ Ռուսաստանը կկարողանա կանխել նոր պատերազմը կամ այլ խոսքով՝ կզսպի ներկա ստատուս քվոյից դժգոհ Ադրբեջանի ագրեսիան։ Թե ինչ են ասել ռուս գործընկերները Փաշինյանին, ինչ երաշխիքներ են տվել, եւ ինչու է նա վստահ, որ հակառակորդին զինած Ռուսաստանը հանդես կգա խաղաղապահի դերում, այլ թեմա է։
Առավել հետաքրքրական են ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի ուղերձները։ Տոնոյանը բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի, նույնիսկ ծավալներով սահմանափակ ռազմական գործողության իրականացման դեպքում հայկական կողմն անցնելու է պատասխան պատժիչ գործողությունների՝ գործի դնելով իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները՝ ներառյալ հեռահար խոցման հրթիռային համակարգերը, եւ միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, չեն կարող հետ պահել հայկական կողմին պատասխան գործողություններից։
Այդուհանդերձ, թեեւ դժվար է ասել, որ նախարարի հայտարարությունն անսպասելի էր, արժե ամեն դեպքում հասկանալ, թե ինչ կա նրա խոսքերի տողատակերում։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսում է ընդհանրապես պատերազմի վերսկսման վտանգի՞ մասին, թե՞ կան ավելի կոնկրետ՝ օպերատիվ տվյալներ հակառակորդի մտադրությունների մասին, այդ պատճառով Հայաստանի պաշտպանության նախարարը փորձում է հայտարարությունների միջոցով ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա եւ կանխել նոր ռազմական բախումը՝ լինի դա արցախա-ադրբեջանական շփման գծում, Հայաստանի հյուսիս- արեւելյան սահմանին, թե Նախիջեւանի հատվածում։
Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ասաց, որ ինքը, բնականաբար, չգիտի եւ չի կարող իմանալ, թե ինչ օպերատիվ տվյալներ ունի Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատերազմի վերսկսման կամ ադրբեջանական կողմի մտադրությունների մասին, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց այնպես չի սպառազինվում։
«Կարող եմ հերթական անգամ կրկնել, որ դժվար թե Ադրբեջանը հենց այնպես այդ քանակությամբ զենք գներ։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ զենքը գնում է պատերազմի համար»,- նշեց Խրամչիխինը՝ ավելացնելով, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, որովհետեւ ղարաբաղյան հիմնախնդիրը մնում է չլուծված, եւ չկան նախադրյալներ այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Խրամչիխինը բարձր է գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը, սակայն ավելացնում է, որ դժվար է կանխագուշակել, թե երբ դա տեղի կունենա։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում