Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մինչեւ «կաթսայի անցքերը» չփակի, համայնքների 10 միլիարդ դրամը չի հատկացնի

Հուլիս 26,2018 12:16

«Ինչո՞ւ պետք է համայնքը գումար ունենա զարգացման ծրագրի համար, եթե համայնքի ղեկավարը դպրոցում 20 հոգի իր բարեկամներին է նշանակել, այդ մարդիկ գործի չեն եկել, բայց տարիներով փող են ստացել»,-այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հետ բերած գումարներից 10 միլիարդ դրամ հատկացնելու իր որոշմանն, ասաց՝ պարզվել է, որ համայնքները պատրաստ չեն ընդունելու կառավարության խոստացած 10 մլրդ դրամ սուբվենցիաները, քանի որ համապատասխան ծրագրեր չեն ներկայացնում, ինչպես նաեւ պատրաստ չեն համաֆինանսավորում հատկացնել: Այսպես վարչապետն արձագանքեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ հարցը զեկուցում էր:

«Չնայած մենք խոստացել ենք շատ մեծ թիվ հատկացնել այդ նպատակին, բայց այս ոլորտում չենք կարողանում աշխուժություն ապահովել: Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով 10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200-300 միլիոնի շրջանակներում»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով, 10 միլիարդ դրամն այս տարի սպառել չեն կարող, առաջարկեց մյուս տարվա հայտերը սկսեն ընդունել այս տարվա նոյեմբերից, որպեսզի մյուս տարվա սկզբից գումարները հատկացվեն համայնքներին:

«Մենք իսկապես պետք է քննարկենք՝ այդ 10 մլրդ դրամն արժե՞ այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե չարժե: Վերջին շրջանի բացահայտումները ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք ունենք լուրջ ռիսկեր, մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն, մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, տարիներ շարունակ նշվել է, որ մենք սահմանափակ գումարներ ունենք, բայց, երբ տեսնում ենք, թե դրանք ինչպես են օգտագործվում, պարզվում է, այնքան էլ սահամանափակ չեն, որովհետեւ օգտագործվում է հնարավորությունների 30-50 տոկոսը. «Մնացածը նետվեց ձորը: Եվ մենք պետք է այդ ձորի պատուհաններն ամուր փակենք, որպեսզի որեւէ մեկը ոչինչ չնետի ձորի: Եվ իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե մենք հենց այսօր առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլիներ բոլոր ոլորտներում»:

Վարչապետը նաեւ ասաց, որ ինքը չի հիշում նման դեպք, որ ստուգող մարմինները մի հատ ցնցող բացահայտում չանեն, եթե ոչ ծավալի, ապա ցինիզմի առումով. «Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք այդ անցքերը չփակենք, խնդիրները հնարավոր չէ լուծել: Ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031