Առաջիկա ընտրական արտահերթ գործընթացների փաթեթում ամենից հաճախ շոշափվող թեմաներից է այն, թե ինչպիսի ազդեցություն են բերելու քաղաքական գործընթացներ այն ուժերը, որոնք նախաձեռնեցին 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը: Խոսքը «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» մասին է՝ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ, որոնք օրերս հայտարարել են քաղաքական ուժ ստեղծելու և խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին: Շատերի գնահատմամբ՝ այդ ուժն ունենալու է ապակառուցողական դերակատարում և լարելու է իրավիճակը՝ չունենալով քաղաքական մեծ հեռանկարներ և գիտակցելով դա: Այդ տեսակետի կրողները հիշատակում են համակիրների արդեն իսկ բավական արմատական հայտարարությունները, իսկ երբ դրանք համադրվում են նաև 2016-ի հուլիսին հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք աղմկոտ հայտարարությունների հետ, ապա ստացվում է, ըստ էության, «կրակին լցված յուղ»:
Ինչքանով արդարացված կլինեն այն կանխատեսումները, որ Սեֆիլյանն ու համակիրները մրցունակ չլինելով՝ քաղաքական ասպարեզում կփորձեն հարցերը տեղափոխել հնարավորինս արմատական դաշտ, իհարկե բավականին բարդ է ասել: Անշուշտ, կա 2016-ի նախադեպը, բայց մյուս կողմից՝ անկախ դրան մեր յուրաքանչյուրի տված գնահատականից, պետք է նաև արձանագրել, որ իրավիճակը այդ շրջանում ռադիկալացվել էր նաև իշխանության մեծ «ջանքով», որը բացարձակապես հաղորդակից չէր լինում երկրում արմատական ռեֆորմներ անելու հանրային պահանջներին: Միևնույն ժամանակ, եթե այդ հանգամանքն անուղղակի, սակայն արդարացնող գործոն էր փորձում դիտարկվել ծռերի գործողության աջակիցների շրջանում, ապա այժմ իրավիճակի փոփոխությունը ստեղծում է հակառակ վիճակ, ու երկրում խաղաղ, ոչ բռնի, թավշյա իշխանափոխությունից հետո քաղաքականության մեջ որևէ ռադիկալության տանող գործողություններն ու գործունեությունը չեն ունենա որևէ արդարացում:
Հետևաբար, եթե 2016 թվականի հուլիսին իշխանության հանդեպ հանրային ահռելի անվստահությունը ստեղծել էր մի վիճակ, երբ մարդիկ եթե չէին համակրում, ապա առնվազն խստորեն չէին դատապարտում այդօրինակ գործողությամբ հարց լուծել փորձող կամ դրա մասին թեկուզ խոսող սուբյեկտներին, անգամ այն դեպքում, երբ գործողությունը բերում էր, ըստ էության, սպանությունների, ապա այժմ արդեն չկա իշխանության հանդեպ այդ անվստահելի վերաբերմունքն ու հակակրանքը, և ըստ այդմ՝ քաղաքական գործընթացները սրելու, ռադիկալ դիսկուրսի դաշտ տեղափոխելու փորձերը մեծ հավանականությամբ կարժանանան հանրային համընդհանուր դատապարտման:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում