ՔՊ-ի վարչության մյուս նիստին, որը տեղի է ունենալու մյուս շաբաթվա սկգբին, վերջնական որոշում է կայացվելու թեկնածուի վերաբերյալ։ Հավանականությունը մեծ է, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորի Հայկ Մարությանը։
Այս օրերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուներից ամենաանհասանելին դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն։ Ի դեպ, նա մասնագիտությամբ ինժեներ է: Մարությանն անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ չի գնում։ Նա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակում եղել է կուսակցությանն անդամակցելու դիմում գրելիս եւ հուլիսի 24-ին, երբ վարչության նիստում քննարկվում էր քաղաքապետի թեկնածուների ընտրության հարցը։
Ի դեպ, Թավշյա հեղափոխության եւ դրան հաջորդած օրերին ակտիվորեն քննարկվում էր, որ Հայկ Մարությանն ամենուր ուղեկցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես, բուռն քննարկման թեմա դարձավ, որ Մարությանն անհասկանալի պատճառներով վարչապետին ուղեկցել էր Արցախ։ Այդ օրերին խոսվում էր, որ Կարգին Հայկոն պաշտոնի է հավակնում։ Վերջինս, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ցանկություն չունի որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու։
Երեկ ամբողջ օրվա ընթացքում ՀԺ-ն փորձեց կապ հաստատել դերասանի հետ, այցելեցինք ՔՊ գրասենյակ, սակայն նրան գտնել հնարավոր չեղավ։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում