Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվացել են «մարդ-կուսակցությունները» կամ, եթե կուզեք՝ «մանրակուսակցությունները». «Հայոց աշխարհ»

Հուլիս 26,2018 10:31

Արդեն շատերն են սկսում նկատել, որ ակտիվացել են այսպես ասած, «մարդ-կուսակցությունները» կամ, եթե կուզեք՝ «մանրակուսակցությունները»: Առանց այն էլ մի քանի տասնյակ կային: Հիմա էլ դեռ նորերն են ստեղծվում կամ հայտարարվում է ձեւավորման նպատակների մասին:

Հասկանալի է, անշուշտ, որ նախատեսվող արտահերթ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական գործընթացը ծավալվելու է բուռն դրսեւորումներով, հարվածային տեմպերով: Դեռ որքա՜ն համագումարներ են լինելու՝ «Բոլորս դեպի ԱԺ արտահերթ ընտրություններ» համախառն խորագրով: Այնքան ելույթային ջրեր են հոսելու, որ հայրենի բնաշխարհի համար պատուհաս դարձած բոլոր փոքր հէկերը կարելի էր մեկ տարի դրանց հաշվին աշխատեցնել:

Հարց է ծագում, իհարկե, թե ինչո՞ւ են ոգեւորվել «մանրակուսակցությունները»:

Մի կողմից, ինչ խոսք, նախընտրական սպասումները բնականորեն նպաստել են նման ոգեւորված տրամադրությունների ձեւավորմանը: Կան նաեւ ոչ վաղ անցյալից աննկատ մեր օրերը հասած կամ դիպվածաբար երեւացող երկու-երեք հոգանոց, գրանցման թուղթ ունեցող կազմակերպություններ, որ ստեղծված հետիշխանափոխական միջավայրում բարենպաստ պայմաններ են տեսնում մի քիչ ծավալվելու, «շուրջպար մտնելու» եւ թեթեւակի «շորորալու» համար: Այլ բան որ չլինի էլ՝ գոնե այդ ակտիվությունը ինչ-որ ցուցակատեղով «կվաճառեն» որեւէ այլ՝ համեմատաբար խոշոր կազմակերպության:

Կան այդ շարքում ու դեռ կլինեն նաեւ այնպիսի «մանրակուսակցություններ», որոնց նախաձեռնողի դերում հանդես են գալիս (կամ կգան) մինչ այժմ հիմնականում հասարակական ակտիվություն դրսեւորած անհատներ: Կամ, ասենք, ինչպես ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դեպքում է՝ ներկա իրողությունների պայմաններում իրենց արդեն առանց հրազենի զուտ քաղաքական գործունեության դաշտում տեսնողներ:

Հետաքրքիրն ամեն դեպքում այն է, որ եթե վերջին խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական իրողություններն ու զարգացումների տրամաբանությունը հուշում էին կուսակցությունների խոշորացման անհրաժեշտություն, ապա այժմ տեսնում ենք տրամագծորեն հակառակ՝ «մանրակուսակցականացման» մղող երեւույթ, դեռեւս սաղմնային վիճակում կամ նախնական փուլում:

Մինչդեռ թվում էր, թե վերջապես հաղթահարում ենք այդ քաղաքական անոմալիան, երբ հազիվ 2,5-3 միլիոն բնակչություն ունեցող երկրում համարյա հարյուր կուսակցություն է գործում, որոնցից առնվազն մեկուկես-երկու տասնյակը ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում:

Իսկ եթե իրականանան կանխատեսումները, որ վերոակնարկյալ «խոշորացման» համատեքստում ձեւավորված «Ելք» դաշինքը կազմած ուժերն առանձին-առանձին գնան ընտրությունների, ապա խայտաբղետ կուսակցապատկերն էլ ավելի աննման կդառնա:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031