Ես Երեւանի բնակիչ չեմ, եւ եթե ասեմ՝ քաղաքապետի իմ թեկնածուն այսինչն է կամ այնինչը, ընթերցողները դա կարող են սխալ հասկանալ եւ հարցնել՝ «քո ի՞նչ գործ»: Իսկ եթե լուրջ, ապա նախ՝ կարծում եմ, որ քաղաքապետին երեւանցիները պետք է ընտրեն ուղիղ ընտրություններով՝ այս հարցում կուսակցական գաղափարախոսությունը առաջնակարգ դեր չի խաղում: Երկրորդ՝ ըստ օրենքի, այս պահին քաղաքապետ պետք է ընտրվի ավագանու անդամը, եւ հետեւաբար բազմաթիվ թեկնածուներ «արանքից դուրս են գալիս»: Ավագանին խնդիր ունի օրինական ճանապարհ գտնել ինքնալուծարվելու եւ նոր ընտրություններ անցկացնելու. կրկնեմ՝ ցանկալի է՝ քաղաքապետի առանձին ընտրություններով:
Ինչպես համապետական, այնպես էլ մայրաքաղաքային մակարդակով մենք անցումային փուլում ենք գտնվում: Բնական է, որ այս ժամանակահատվածում երկրի վարչապետը պետք է լինի հեղափոխություն իրականացրած անձը, եւ քաղաքական ու տնտեսական գործընթացների համար պատասխանատվություն կրի նրա թիմը: (Թե ինչու են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ մտել կառավարություն՝ չստորագրելով կոալիցիոն հուշագիր, մեկ այլ հարց է): Երեւանի քաղաքապետի պարագայում անցումային շրջանում «քաղաքական պատասխանատու» պետք չի՝ անհրաժեշտ է ղեկավարել քաղաքային տնտեսությունը: Դա կարող էր անել Տարոն Մարգարյանը, կարող է հիմա անել ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, կարող է անել նաեւ ավագանու անդամներից որեւէ մեկը՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Կարեւոր է, որ իրավապահ մարմինները խստորեն հետեւեն, որ այդ ընթացքում կոռուպցիոն երեւույթներ չլինեն:
Իհարկե, հասկանում եմ երիտասարդ հեղափոխականների միանգամայն առողջ ձգտումը ինքնադրսեւորվելու նաեւ մայրաքաղաքային մակարդակում եւ էլի ինչ-որ մի բանի ղեկը ստանձնել: Բայց այստեղ շտապողականությունը, ավելորդ խանդավառությունը կարող են խնդիրներ ստեղծել եւ, գումարած դրան, հեղափոխական թիմի ներսում մրցակցություն առաջացնել: Այնպես որ՝ առայժմ թերեւս պետք է մտածել ոչ թե անձի, այլ ցուցակի մասին:
Քաղաքապետի անձի առումով երբեմն քննարկման առարկա են դառնում մասնագիտությունը, դիպլոմը, կառավարման փորձը եւ այլն: Դրանք, ինձ թվում է, խնդիր չեն: Մանավանդ «կառավարման փորձը»: Սովորաբար դա կաշառք, «ատկատ» վերցնելու եւ փողերն անիմաստ մսխելու փորձ է: Ի դեպ, ի՞նչ եղան անգլիացիների այն խորհուրդները, որոնց հիման վրա պետք է բարեփոխվեր Երեւանի տրանսպորտային ցանցը: Խորհուրդներն արժեցել են 800 հազար եվրո:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ