Այս օրերին Բագրատաշենի մաքսակետում մարդկանց եւ մեքենաների անվերջանալի հերթեր են գոյանում: Հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին մարդիկ ստիպված են լինում մոտ մեկ ժամ սպասել, մինչեւ վարորդները Հայաստանի սահմանային անցակետում համապատասխան կնիքը ստանան ու անցնեն առաջ:
Թեեւ բեռնատարների համար առանձին ուղի է նախատեսված, ու սահմանապահներն էլ լծված էին մեքենաների «անցնցում» տեղաշարժմանը, սակայն այդ բեռնատարների վարորդների փաստաթղթերում մի փոքր խնդիրն էլ առիթ է, որպեսզի մաքսավորները թույլ չտան տեղաշարժվել, մինչեւ խնդիրը չկարգավորվի: Այդպիսով՝ բեռնատարների կանգառը հենց անցակետում խցանում է ստեղծում, ինչի պատճառով թե՛ մարդատար մեքենաների եւ թե՛ բեռնատարների հսկայական հերթեր են գոյանում: Արդյունքում վարորդների եւ ուղեւորների նյարդերը տեղի են տալիս, ու անգամ հաշվի չառնելով սահմանապահների ներկայությունը՝ նրանք վիճաբանում, միմյանց վիրավորում ու հրմշտում են: Մեր ներկայությամբ երկու վարորդ հենց սահմանապահի ներկայությամբ այնպիսի վեճի բռնվեցին, կարծես իրենց տանն էին հարց լուծում:
Մաքսավորներն ու սահմանապահներն այս աննախադեպ հերթերը պայմանավորում են տեղաշարժման ծավալի ավելացմամբ: Նրանք վստահեցնում են՝ հանգստյան սեզոնին ու հատկապես շաբաթ-կիրակի օրերին Վրաստանից Հայաստան մուտքերն ավելանում են:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
25.07.2018