Հեռախոսազանգ՝ հայ-ռուսական հարաբերությունների խառնաշփոթում
Հուլիսի 23-ին Կրեմլի հաղորդմամբ՝ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ԵԱՏՄ-ին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետի մամլո ծառայությունից փոխանցում էին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ:
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ձեւավորված բավական խառնաշփոթ մթնոլորտում: Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ հայկական կողմի, թե՛ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում չի նշվել, թե որ կողմի նախաձեռնությամբ է կայացել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգը:
Զրուցելու թեմաների պակաս, վստահաբար, չկա. Լեռնային Ղարաբաղի խնդիր, պատերազմի բռնկման վտանգ, Փանիկում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց շուրջ շիկացած մթնոլորտը՝ հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում:
Փաշինյանը պատրաստ է, բայց…
Հուլիսի 20-ին հրավիրած մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների: «Բանակցության նյութ կա, ու այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ հարցի կարգավորման համար պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի:
Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը ղարաբաղյան բանակցային գործընթացում դադար է վերցրել, Փաշինյանի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա ծանոթանում է բանակցային գործընթացի «նրբություններին»: Նա հայտնեց, որ տեղեկություններ է ստացել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից՝ նրան հրավիրելով հանդիպման: Բացի այդ, հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւս Փաշինյանը հանդիպում է ունեցել, Արցախի հարցի վերաբերյալ Տեր-Պետրոսյանը փորձել է իրեն տալ տեղեկություններ, եւ նշեց, որ «շատ օգտակար զրույց» է ունեցել, թեեւ հավելեց, որ Տեր-Պետրոսյանը «չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին»:
Պաշտոնական Բաքուն էլ իր հերթին արձանագրեց, որ պատրաստ է բանակցությունների, բայց՝ Երեւանի հետ: «Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի եւ Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»,- նշել է օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը: Վերջինս, սակայն, ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:
Դարավոր բարեկամ Ռուսաստանն ու պատերազմի բռնկման «դաբրոն»
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ քննարկելու Ղարաբաղյան կարգավորման փոխզիջումային տարբերակ. «Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Երբ որ մենք ուղերձ ստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի: Բացառում եմ ԼՂ-ի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»:
Այստեղ Փաշինյանը միջազգային հանրությանը կարծես փորձեց հասկացնել, որ հայկական կողմից միակողմանի զիջումներ չակնկալեն: Միջազգային հանրությունն ունի՞ այս փուլում նման ակնկալիք Փաշինյանի կառավարությունից… Ըստ ամենայնի՝ Փաշինյանը մտահոգություններ ունի այս առիթով:
Եթե գանք Փաշինյանի ասուլիսի՝ Ռուսաստանի դերակատարության մասին հայտարարություններին՝ թերեւս կարելի է ենթադրել, որ մտավախություն կա, որ Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ինչ-ինչ խմորումներ է ղեկավարում կամ կարող է ձեռնարկել ապագայում:
ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց ԼՂ կարգավորման հարցում Մոսկվայի կարեւորությունը՝ հայտարարելով, թե չի հավատում, որ Մոսկվան թույլ կտա պատերազմ: Համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար, նա շեշտեց. «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում… Չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որեւէ գործողության, սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության»:
Մի կողմից ընդգծելով ԼՂ կարգավորման գործընթացում Մոսկվայի դերն ու ազդեցությունը՝ Փաշինյանը, ըստ էության, հնարավոր պատերազմի բռնկումն ուղղակիորեն կապեց Մոսկվայից «դաբրոյի» հետ: Հատկապես 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի «դերակատարումը» այդ պատերազմի սանձազերծման, ապա մի քանի օր անց զինադադար հաստատելու հարցում շատ է քննարկվել, ու հիմա ՀՀ նոր կառավարության կողմից հնարավոր նոր ռազմական գործողությունների վերսկսումը Մոսկվայի հետ կապելը, թերեւս, Փաշինյանի կողմից կանխարգելիչ քայլ էր, որից նաեւ կարելի է բխեցնել, որ Փաշինյանն այս պահին պատերազմի բռնկումը լիովին հնարավոր է համարում:
Որ պատերազմի բռնկումը ավելի քան հավանական է՝ պարզ դարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ EADaily-ին տված հարցազրույցից, որը նախիջեւանյան «ճակատից» խոսելով՝ նշեց. «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաեւ տարածաշրջանային այլ խաղացողների»: Նա ընդգծեց, որ խաղաղություն խնդրողի կարգավիճակում չենք. «Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ՝ չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է եւ զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային եւ որոշիչ հակահարված»:
Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի եւ մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ Տոնոյանը նշեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում. «Ադրբեջանական զինուժի ակտիվացման եւ կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, եւ նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջեւանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»:
102-րդ ռազմաբազան ու շիկացած հայ-ռուսական հարաբերությունները
Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Շիրակի մարզի Փանիկ գյուղում, ինչպես հայտնի է, զորավարժանք էին իրականացրել, որի ժամանակ հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մեջ խուճապ էին առաջացրել: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը. «Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, եւ հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»:
Հերթական անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ տեղի ունեցածը կրքեր բորբոքեց: Ռուսաստանից փորձագետների մակարդակով անգամ սպառնալիքներ հնչեցին: 168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց. «Իսկ ինչպե՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»: Ապա նա հավելել էր, թե Փաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ եւ դա չորակեր որպես սադրանք: «Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, եւ թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները եւ իր արեւմտյան գործընկերները»,- ասել էր Տարասովը:
Ռուսական կողմից պաշտոնապես ներողություն խնդրեցին, ափսոսանք հայտնեցին: Հայկական կողմն էլ, իր հերթին, կարծես գիտակցելով իրավիճակի անկանխատեսելիությունը՝ փորձեց հանդարտեցնել կրքերը: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմից հավաստիացում են ստացել, որ նման բան այլեւս չի կրկնվի: Իսկ հուլիսի 22-ին Փանիկ համայնքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով: Այդ հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ռուսական կողմը «իրենց սխալը ընդունել է, ներողությունը պաշտոնապես խնդրել են, եւ մենք արդեն հետեւություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել է շարասյան տեղաշարժի վերաբերյալ, եւ տեղեկացրել են, որ լինելու է մարզում՝ մարզման վայրը չի նշվել։ Իրավական տեսանկյունից՝ պետք է համաձայնեցվեր»,- նշեց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Փանիկում տեղի ունեցած մարզման համակարգման հարցում «կա սխալ ե՛ւ ռուսական կողմի, ե՛ւ հայկական կողմի մոտ». «Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին՝ ծառայողական քննություններ են իրականացվում մեր գերատեսչություններում՝ պարզելու մեղավորներին։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե՝ լինելու է իրենց մոտ ծառայողական քննություն, պատժվելու են»։
Խիստ ուշագրավ էր Տոնոյանի մեկ այլ գնահատական, որը վերաբերում էր հայ-ռուսական պայմանագրի վերանայման հնարավորությանը: Առաջին անգամ պաշտոնական Երեւանի կողմից հնչեց պայմանագրի վերանայման հավանականության մասին հստակ գնահատական: Հարցին՝ արդյոք վերջին դեպքերը չե՞ն հուշում, որ կարիք կա վերանայելու հայ-ռուսական պայմանագիրը, Դավիթ Տոնոյանը պատասխանել էր. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, եւ ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 25.07.2018