Այս օրերին, երբ կառավարությունում քննարկվում են հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները, նախկինում Սյունիքի գլխավոր երկրաբանի պաշտոնը զբաղեցրած Գառնիկ Խոջաբաղյանը հանքաբանական ծառայությունների հետագա անելիքների վերաբերյալ կառավարությանը մի շարք առաջարկներ է ներկայացնում: Ըստ պարոն Խոջաբաղյանի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածում ամրագրված է, որ Հայաստանի «ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ուստի ընդերքի հանքավայրերի շահագործումը պետք է կատարվի բացարձակապես պետության հովանավորությամբ՝ չխախտելով Սահմանադրության նշված հոդվածը։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի շրջակա միջավայրի պահպանումը եւ վերականգնումը, ինչպես նաեւ բնական պաշարների ողջամիտ օգտագործումը. «Սահմանադրության 10-րդ հոդվածի խախտումը վերացնելուն հաջորդող քայլը, հանրապետության բոլոր տիպերի օգտակար հանածոների հանքավայրերի ազգայնացումը-պետականացումը (շահագործման, սեփականատիրական իրավունքի վերացումը) ընդերքի վերադարձն է նրա իրական տերերին՝ ժողովրդին ու պետությանը։
Որովհետեւ ներկա շահագործողները, հիմնականում արտասահմանցիները, կարճ ժամանակահատվածում գերշահույթ եւ հարստություն ստանալու նպատակով կամայականորեն մեծացնում են լեռնահանքային ձեռնարկության հզորությունը, հանքավայրերը շահագործում են բարբարոսաբար՝ մեզ թողնելով թունավոր պոչամբարները, առանց հաշվի առնելու նրանց տերերի՝ հայ ժողովրդի կամքն ու ցանկությունները։ Սա անընդունելի է եւ պետք է կանխվի օրենքով»։ Երկրաբանը կարծում է, որ էլեկտրականությունը եւ երկրաբանությունը պետք է տարանջատվեն որպես առանձին գիտություններ, ինչից հետո պետք է կազմավորել երկրաբանական նախարարություն կամ վարչություն՝ հանքարդյունաբերության բոլոր բաժիններով հանդերձ. «Հայաստանը 2005 թ. հունվարին վաճառել է Զանգեզուրի լեռնահանքային կոմբինատը եւ դրա գնողին (գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը) է տրամադրել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման իրավունքը, որի լեռնահանքային արդյունավետությունը տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվարկված էր մինչեւ խտանյութերի ստացումը եւ դրանց վաճառքը։
Նշված հիմնավորման հաշվարկում պղնձի եւ մոլիբդենի հետ համատեղ տարածված շատ այլ արժեքավոր տարրեր՝ ոսկին, արծաթը, սելենը, տելլուրը, բիսմուտը, պլատինի խմբի միներալները եւ այլն արհամարհվել են (կամ կեղծիք է կատարվել), եւ դրանց գները չեն ընդգրկվել խտանյութերի արժեքի մեջ։ Հաշվի չեն առնվել նաեւ ծծումբը, վանադիումը, երկաթը, սկանդիումը, կապարը, ցինկը, նիկելը, կոբալտը, որոնց առկայության մասին արդեն տվյալներ կային, սակայն քանի որ պետք է վաճառեին (եւ վաճառվում են) խտանյութերը, իսկ գնորդները չէին ցանկանում վճարել դրանց արժեքները, ուրեմն կարելի է եւ արհամարհել։ Տեխնիկատնտեսական հաշվարկում նշված է, որ պղնձի խտանյութը պարունակում է արծաթ 75-80 գ/տ, սելեն՝ 100-140 գ/տ, տելլուր՝ 35-50 գ/տ։ Այդ հաշվարկում անհասկանալի պատճառով ոսկու պարունակությունը պղնձի խտանյութում նվազեցվել է 0.5 գ/տ-ով, իսկ նույն հաշվարկի տեքստում գրված է, որ պղնձի խտանյութը պարունակում է 4.0 գ/տ ոսկի։ Հաշվի առնելով վերը նշված բոլոր բացթողումները եւ թանկարժեք մետաղների նկատմամբ ցուցաբերած «արհամարհանքը»` առաջարկում եմ վերանայել գոյություն ունեցող տեխնիկատնտեսական հաշվարկը՝ պղնձի եւ մոլիբդենի հետ համատեղ հանդես եկող բոլոր հազվագյուտ եւ թանկարժեք տարրերի գները ներառելով ստացվող խտանյութերի արժեքների մեջ, որի վաճառքից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հասույթը կմեծանա բազմակի։ Շատ ցավալի է, որ նյութական ու ֆիզիկական մեծ ծախսերի գնով հետախուզված, այնուհետեւ արտահանված հանքաքարերից հանքահարստացման գործընթացներում օգտակար մետաղների եւ նրանց հետ կապված տարրերի մեծ կորուստներ են տեղի ունենում հանքահարստացման հնացած ու հետամնաց տեխնոլոգիաների հետեւանքով։ Նշված տարրերը թափոնապոչերի հետ միասին լցվում են պոչամբարները, աղտոտում, ապականում ու թունավորում են շրջակա միջավայրը՝ առաջացնելով բնապահպանական աղետներ»։
Գառնիկ Խոջաբաղյանի համոզմամբ՝ կոմբինատների արդյունավետությունը բարձրացնելու եւ համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկաներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, որը պետք է ապահովի հանքաքարերից բոլոր օգտակար տարրերի կորզումը առաջավոր երկրների մակարդակին համազոր քանակներով՝ նվազագույնին հասցնելով կորուստները. «Դա կարող է ապահովել ՀՀ ԳԱԱ Կապանի մետալուրգիայի եւ հանքահարստացման լաբորատորիայի ղեկավար Կ. Հակոբյանի կողմից մշակված տեխնոլոգիան, որը կապահովի բոլոր մետաղների ու նրանց հետ կապված տարրեի բարձր տոկոսներով (92-95%) կորզումը, այն հաշվով, որ պոչամբարներ թափվող հարստապոչերում նրանց պարունակությունները չգերազանցեն 8%-ի սահմանը։
Հնագույն տեխնոլոգիաներով կորզվող հանքահարստացման գործընթացները նպատակաուղղված էին մեկ կամ մի քանի հիմնական տարրերի կորզմանը, եւ անտեսված են նրանց հետ հարակից տարածված զուգակցվող, շատ այլ՝ հաճախ ավելի արժեքավոր տարրեր, ինչի հետեւանքով էականորեն նվազում է արդյունավետությունը։ Հենց դա է պատճառը, որ գործող լեռնահարստացուցիչ կոմբինատների շրջակայքում աճում են պոչամբարների պահեստարանները, որոնց պահպանման համար ծախսվում են բավականաչափ խոշոր գումարներ։ Այդ պոչամբարները շատ հաճախ իրենցից ներկայացնում են մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոների երկրորդական ձեռակերտ հանքավայրեր՝ շատ օգտակար հանածոների կորզելի քանակների պարունակությամբ։ Հենց դա էր պատճառը, որ զարգացած երկրներից որոշները ցանկություն էին հայտնել գնելու Քաջարանի կոմբինատի պոչամբարները։ Կանադական ֆիրման, գնելով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, սկզբից ձեռնամուխ եղավ թափոնապոչերից ոսկու եւ արծաթի կորզմանը։
ՀՀ լեռնահանքային արդյունաբերությունը ժամանակակից ուղու վրա դնելու, բնական միջավայրը անաղարտ պահելու, հանքավայրերի շահագործումը արդյունավետ դարձնելու, հանքավայրերից բոլոր օգտակար տարրերը կորզելու, մաքրելու եւ որոշակի քանակներով զտելու ու գերզտելու, հարակից արդյունաբերությունները զարգացնելու (հատկապես էլեկտրոնիկա եւ միկրոէլեկտրոնիկա) նպատակով անհրաժեշտ է Հայաստանում (Սյունիքի, Լոռիի եւ Վայոց ձորի մարզերում) կառուցել խտանյութերի եւ պոչամբարների համալիր վերամշակման մետալուրգիական գործարաններ, որոնք պետք է հագեցած լինեն ժամանակակից տեխնիկայով եւ տեխնոլոգիաներով։ Այդպիսի տեխնոլոգիաները՝ պղնձի, մոլիբդենի, ծծմբի, հրաքարային պիրիտի, բազմամետաղային համալիր խտանյութերի, պոչամբարների եւ այլնի համար մշակված են ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման եւ մետալուրգիայի լաբորատորիայի կողմից։ Այդ մշակումների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում։
Ճիշտ է, երկրորդական «ձեռակերտ» հանքավայրերում (թափոններում, պոչամբարներում) օգտակար տարրերի պարունակությունը փոքր է լինում սկզբնական հանքաքարերի համեմատությամբ, սակայն դրանք շատ ավելի հարմար են օգտակար տարրերի կորզման համար, քան սկզբնական հանքաքարերը, որոնց՝ ընդերքից արդյունահանման, փշրման ու մանրացման համար ծախսված են բավականին մեծ գումարներ։ Պետք է նշել, որ հանքահումքային ռեսուրսների համալիր օգտագործումով տնտեսելով դրանց հանքաքարերի կրկնակի արդյունահանման ծախսերը՝ կարող ենք կրկնապատկել ու եռապատկել լեռնահանքային ձեռնարկությունների արդյունքները։ Շատ ավելի մեծ արդյունքներ կարող են ստացվել, եթե մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում, հիմնական տարրերի կորզմանը զուգընթաց, կորզվեն, մաքրվեն ու զտվեն հարակից բոլոր (կամ ավելի շատ թվով) բաղադրիչները, որոնք հաճախ շատ ավելի արժեքավոր են, քան այդ նույն տարրերի չզտված տեսակները, առավել եւս՝ քան հիմնական բաղադրիչները։ Այսպես, օրինակ, չզտված կապար մետաղը 2007 թ. ապրիլի 10-ի գներով արժեր 2000$ /տ, 99.9% զտվածը՝ 6000$ /տ, 99.999% զտվածը՝ 32000$ /տ, իսկ 99.9999% գերզտվածը՝ 870.000$ /տ։ Ռենիումը շատ թանկարժեք մետաղ է, նրա 1 կգ-ն 1999 թ. արժեր 800 $, իսկ այժմ գերազանցում է 1500 $։ Մաքրված ռենիումի 1 կգ-ի արժեքը միջազգային շուկայում, 2008 թ. մարտ-ապրիլ ամիսների տվյալներով, կազմում էր 7777.7 դոլար, իսկ գերզտված՝ 99.9999% բարձրորակ տեսակի 1.0 գ-ի արժեքը՝ 900-1000 դոլար, 1 կգ-ը՝ 1000000 դոլար:
Նկատի ունենալով, որ զտված ու գերզտված մետաղները միջազգային շուկայում իրենց սովորական տեսակներից թանկ են գնահատվում մինչեւ մի քանի հազար անգամ (կախված զտվածության աստիճանից), դժվար չի լինի նկատել, որ ՀՀ լեռնահանքային արդյունաբերության արդյունավետությունը կբազմապատկվի, եթե ընդերքի հարստությունները համաշխարհային շուկա դուրս բերվեն զտված մետաղների ու մետաղաարտադրանքի տեսքով։
Կորզված ու զտված տարրերի մի պատկառելի մասը՝ ոսկին, արծաթը, սելենը, տելլուրը, գալիումը, գերմանիումը եւ այլն, արդյունաբերության այլ ճյուղերի հետ միասին օգտագործվում է նաեւ էլեկտրոնիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի, քիչ նյութատար, շատ աշխատատար, աշխատավորների բարձր որակավորում պահանջող, բարձր եկամտաբերություն ապահովող էկոլոգիապես մաքուր արդյունաբերության մեջ»:
Սեփ.լր
«Առավոտ»
25.07.2018