Ստեփան Զորյանի հեքիաթը արդիական է նաեւ այսօր
Անվանի ռեժիսորներ Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Լեւոն Քալանթարը, Հրաչյա Ղափլանյանը, ավելի ուշ՝ Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Շահվերդյանը իրենց գործունեությամբ խթանել են հայ ժամանակակից գրողների՝ որպես դրամատուրգ կայացմանը թատրոնում: Այս գործում ուսանողների հետ շուրջ չորս տասնամյակ իսկապես մեծ աշխատանք է կատարում Երվանդ Ղազանչյանը: Օրերս Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի 2017-18թթ. թատերաշրջանը փակվեց նրա արվեստանոցում ուսանած Սուրեն Սաֆարյանի ռեժիսուրայով Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթի բեմադրության պրեմիերայով: Ներկա մասնագետներն ու հանդիսատեսի մի մասը մտաբերեցին երիտասարդ ռեժիսորի այս աշխատանքը 9 տարի առաջ՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում, նշելով, որ դա ռեժիսորի դիպլոմային աշխատանքն էր: Քանի որ Ստեփան Զորյանի այս ստեղծագործությանը երբեւէ անդրադարձ չի եղել, ասենք, որ պատմվածքի սյուժեն համամարդկային թեմա է: Ինքը՝ փայտե մարդը, մարդկային ազնիվ հարաբերությունների ազնիվ կրող է, նրան խորթ են հասարակության հարաբերությունների անազնիվ շերտերը: Օրինակ, հերոսը ոչ մի կերպ չի ընկալում ինչպե՞ս կարելի է վիրավոր զինվորին բժշկել, որպեսզի վերադարձնեն մարտի դաշտ սպանելու համար: Կամ՝ տեր հայրը, որը քրիստոնեական գաղափարախոսության կրողն է, ինչո՞ւ է հալածում հենց իրեն ճիշտ խոսելու համար: Փայտե մարդուն՝ Փիլակին, անհասկանալի է այն իրականությունը, որ իրեն ընկեր, բարեկամ համարող մարդիկ գողանում են իրենից: Չի հասկանում նաեւ, թե ինչի համար է պետք մարդուն չափից ավելի հարստանալը…
«Առավոտը» ներկա է եղել նաեւ ռեժիսորի «դիպլոմային» «Փայտե մարդուն»: Այն ժամանակ իր խաղով փայլեց Հարություն Ավալյանը, այսօր Փիլակին մարմնավորեց դեռեւս ուսանող Էմիլ Կիրակոսյանը: Վերջինիս խաղը շատ կերպարային էր, կարծես, գոնե արտաքուստ, հենց փայտից պատրաստված լիներ: Կայացած պրեմիերայի դեկորները, եթե համեմատենք նախորդ բեմադրության հետ, իհարկե, ծախսատար էր, լավ էր մտածված տնակները, որոնք բազմաֆունկցիոնալ էին օգտագործվում: Կուզեինք առանձնացնել ներկայացման ավարտական տեսարանը. այն տպավորիչ էր, շատերի մոտ էլ նույնացվեց 1990-ականների մութ ու ցուրտ տարիների հետ: Այս տեսարանում, երբ Փիլակը վերադառնում է անտառ, հանդիպում է միայն կոճղերի: Հենց դա էր, որ հանդիսատեսին հիշեցրեց ժամանակին մեզանում իրականացված ծառասպանդը: Վերջին տեսարանի իր մեկնաբանությամբ էլ սկսեցինք զրույցը ռեժիսորի հետ: Հետաքրքրվեցինք՝ իր մոտ է՞լ են նույն հիշողությունները. եթե այո, ապա ի՞նչ է ակնարկում՝ անտառի կորուստը չի՞ վերականգնվի, թե՞ դրա համար ոչ թե մեկ, երկու, երեք, այլ երկա՜ր տարիներ են պահանջվում: Այս դեպքում Սուրեն Սաֆարյանը համամիտ չէր մեր եւ հանդիսատեսի հետ, ընդամենն ասաց, որ իր հերոսը պարզապես վերադառնում է անտառ, փոքր դադարից հետո էլ նշեց. «Ես 90-ականների սերունդ եմ…»: Նա շնորհակալական խոսքերով ու արտահայտություններով մեկառմեկ նշեց բեմադրության բոլոր մասնակիցներին: Կանխելով հարցը, թե ուշ-ուշ է երեւում թատրոնում, ի՞նչ է, իր համար տեղ չկա՞, ընդամենն ասաց. «Փաստորեն, տասը տարվա ընթացքում սա իմ առաջին ներկայացումն է, որն ընդգրկվեց թատրոնի խաղացանկ»: Հիշեցրեց նաեւ նախկինում իրականացրած «Ջուլիետ» եւ «Տատյանա» մոնոներկայացումները՝ համապատասխանաբար՝ ըստ Շեքսպիրի «Համլետի» եւ Պուշկինի «Եվգենի Օնեգինի»: Շնորհակալական խոսքերի տարափ ուղղեց նաեւ հանդիսատեսին եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին: Ի դեպ, Հարությունյանի դիպլոմային աշխատանքը, եթե չենք սխալվում՝ շուրջ 15 տարի առաջ, Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը», կայացել է հենց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացք ունեցավ ժամանակին իր անվան շուրջ այն խոսակցությունը, որ Սուրեն Սաֆարյանը տարված է նաեւ կինոյով: Ռեժիսորն ընդամենը փաստեց, որ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, Մոսկվայում նկարել է մեկ՝ «Սամոկատ» կարճամետրաժ ֆիլմը, առանց մանրամասնելու էլ նշեց, որ մասնակցել է 9-10 տարբեր կինոնախագծերի:
Դիտարկմանը՝ ժամանակին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում մի քանի անգամ խաղացվեց «Տաքսիստը» ներկայացումը, սա անտրեպրիզային աշխատանք էր, հրավիրված էին սերիալներից ճանաչված դեմքեր՝ հավանաբար հանդիսատեսի հետաքրքրությունն ապահովելու եւ գուցե, ամենակարեւորը՝ շահույթ ստանալու նպատակով, հետագայում այլ բեմադրություններ իրականացնելու համար եւ հարցին՝ ի՞նչ եղավ այդ նպատակի հետ, ռեժիսորը պատասխանեց. «Գերխնդիրը շահույթը չի եղել, այլ բեմադրություն իրականացնելը: Ներկայացմանն էլ հրավիրված են եղել շնորհալի արտիստներ: Մեկ տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ այն խաղացվել է: «Տաքսիստը» ներկայացրել ենք նաեւ գյումրեցի հանդիսատեսին»:
«Առավոտ»
25.07.2018
Հարգելի՛ լրագրող, Զորյանի այդ գործը բեմադրվել է բազմիցս, գուցե ամենաբեմադրված գործերից է: Հայ ժամանակակից դրամատուրգների ավագ սերնդի 98 տոկոսը չկայացավ՝ վատ բեմադրվելու կամ չբեմադրվելու պատճառով, իսկ ում էլ որ բեմադրել են, նախևառաջ փողի ակնկալիք են ունեցել, ինքնակամ ազգային դրամատուրգիայով գիտակցաբր զբաղվլ է միայն Երվան Ղազանչյանը, սակայն նրա պրոպագանդած դրամատւրգներից օրինակ Արամաշոտ Պապայանը համարվում է ամենաթույլ թատերագիրը: