Բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի կրկնակի չեմպիոն ու արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի, Պան-Ամերիկանի ութակի չեմպիոն եւ բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր ամերիկահայ Էդվին Նաջմիի ընտանիքը գրեթե նույն ճակատագիրն է ունեցել, ինչ բազմաթիվ հայ ընտանիքներ: 30-ական թվականներին Էդվինի պապերը Հայաստանից գնացել են Բաքու եւ այնտեղ հայտնի գործարարներ են դարձել: Սակայն ստալինյան ռեպրեսիաները հասել են նաեւ նրանց՝ բոլշեւիկյան ԿԳԲ-ն գնդակահարել է նրա պապին: Տատը ստիպված է եղել ընտանիքին տանել Թիֆլիս, այնտեղից՝ Իրան եւ ի վերջո հաստատվել է ԱՄՆ-ում:
Ինքը՝ Էդվինը, Լոս Անջելեսում հաճախել է Մարի Մանուկյան հայկական դպրոցը, այնուհետեւ տեղափոխվել մեկ այլ հայկական դպրոց, սակայն 16 տարեկանից իր ապագան կապել է բրազիլական ջիու-ջիցուի հետ:
Էդվինը մեկ շաբաթով Հայաստանում է եւ վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի Ջիու-ջիցուի ֆեդերացիայում մարզվողների հետ: Նրա մարզումներին ներկա լինելու նպատակով հատուկ եկել էին նաեւ Վրաստանի լավագույն վարպետները: Aravot.am-ի հետ զրույցում աշխարհում մեծ ճանաչում ունեցող մարզիկն ասաց, որ իր համար տիտղոսներն այնքան էլ էական չեն: «Ինձ համար կարեւոր է օգտակար լինել ուրիշներին, հատկապես հայերին, մարդկանց օգնել ավելի լավ ճանապարհ ընտրել իրենց համար: Իսկ ջիու-ջիցուն դրա լավագույն միջոցներից մեկն է: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, մոտ տասը մարդ էր մարզվում: Հիմա նրանց թիվն անցնում է հիսունը: Դա հիանալի է: Հիանալի է նաեւ այն, որ մարզիկների որակն է բավականին աճել ու արդեն մերոնք հաղթանակներ են տանում ու մրցանակային տեղեր զբաղեցնում միջազգային մրցումներում: Ջիու-ջիցուն այսպիսի հատկություն ունի, երբ սկսում ես զբաղվել եւ հաղթահարել առաջին դժվարությունները, մոտ մեկ ամիս հետո այն դառնում է քո կյանքի մի մասնիկը: Իսկ առաջին գոտին ստանալուց հետո արդեն կախվածություն ես ունենում ու նրանից բաժանվելն այլեւս անհնար է: Հույս ունեմ, որ հաջորդ այցիս ջիու-ջիցուով արդեն հարյուրավոր մարզվողներ կլինեն: Այս մարզաձեւը Հայաստանում առայժմ այնքան էլ տարածված չէ ու քչերը գիտեն նրա մասին: Բայց ջիու-ջիցուն, հատկապես բրազիլական ջիու-ջիցուն, աշխարհում ամենից արագ աճող ու զարգացող մարզաձեւերից է, որը հավակնում է ընդգրկվել օլիմպիական խաղերի ծրագիր: Նաեւ ջիու-ջիցուն մատչելի է բոլոր տարիքի մարդկանց ու նաեւ առողջական խնդիրներ ունեցողների՝ անգամ աուտիզմ ունեցողների համար», – նշեց նա:
Հարցին, թե Հայաստանում ակումբ ստեղծելու մտադրություն չունի՞, Էդվին Նաջմին պատասխանեց. «Այս խումբն ասես իմը լինի՝ այնքան ինձ լավ եմ զգում ամեն անգամ Հայաստան գալիս»: Եվ ավելացրեց, որ շատերը ջիու-ջիցուի մասին սխալ պատկերացում ունեն: «Շատերը մտածում են, թե ջիու-ջիցուն կռիվ է: Իրականում ջիու-ջիցուն կարգապահություն է, ինքնազսպման դրսեւորում եւ ինքնապաշտպանություն: Ջիու-ջիցուն փոխում է մարդու կյանքը, մտածելակերպը, վերաբերմունքը շրջապատի հանդեպ»:
Հետաքրքրվեցինք, թե հետեւո՞ւմ էր վերջին ամիսներին հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին եւ ի՞նչ կարծիքի է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մասին: «Իհարկե, հետեւում էի: Նիկոլը շատ լավ բան արեց: Բոլորն էլ ուրախ են: Հույս ունեմ, որ Հայաստանը արդեն հիմա դուխով առաջ կընթանա»:
Էդվին Նաջմին շուտով սկսելու է նախապատրաստվել դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
25.07.2018