Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անիմաստ հայհոյախոսելը ավելի շատ անփաստարկ մարդկանց դաշտն է»

Հուլիս 26,2018 12:30

PR մասնագետ, երկու գրքի հեղինակ, ՀՀ նախկին ոստիկանապետի
խորհրդական Նարեկ Մալյանի դիտարկումները

– Ինչո՞ւ ծնվեց Ադեկվատ շարքը:

– Ադեկվատը ծնվեց, որովհետեւ ինֆորմացիայի փոխանակման տեքստային եղանակը այսօր կորցրել է իր արդյունավետությունը։ Սոցցանցային ֆորմատը կարճ գրառումներն են, սակայն դրանցով չես կարողանում փոխանցել կոնտենտի ողջ խորությունն ու էմոցիան։ Հետո կա մի նրբություն, Ֆեյսբուքում տեքստային բովանդակությունը կորցրել է իր հավաստիության ինդեքսը, քանի որ տեքստով սուր գրառումները հիմնականում ֆեյքերով են անում։ Շատ քչերը ունեն այնքան համարձակություն ուղիղ եթերի ֆորմատով ասել այն, ինչ մտածում են: Համարձակությունն այստեղ ոչ այնքան ուղիղ եթերով խոսելուն է վերաբերում, այլ այդ ասելիքի հիմնավորմանը եւ անխոցելիությանը։ Անիմաստ հայհոյախոսելը դա ավելի շատ անփաստարկ մարդկանց դաշտն է։ Ադեկվատում խոսքը միշտ փաստարկված է, երկաթբետոնե փաստարկներով։

– Ո՞վ է լսարանը:

– Եթե խոսքը մեզ հավանող լսարանի մասին է, այն շատ տարբեր է։ Ուսանողական տարիքի երիտասարդությունից մինչեւ 60 եւ ավելի տարեկան մարդիկ։ Ինտելեկտուալ ադեկվատության կարոտ մարդիկ։ Անկեղծ ես չէի սպասում նման քանակի ու բովանդակության արձագանքների։ Պարզվեց՝ ես չափազանց թերահավատ էի։ Մարդիկ կան, ովքեր այցելում են մեր «Որջ» փաբ, իրենց խոսքերով՝ «համոզվելու համար, որ մենք Հայաստանում ենք ու իրական ենք»։ Մեզ գրում են ահռելի քանակով սատարող նամակներ։ Սովորում են իրենց ցավեցնող խնդիրների շուրջ ժպտալով մտածել։ Մտածելու գոնե այդ տարբերակը մեր օրերում համարում եմ արդյունք… Ադեկվատի գաղափարի շուրջ ինքնակազմակերպվեցին, նույնիսկ լրիվ անծանոթ մարդիկ, ովքեր արդեն դարձել են գաղափարակից ընկերներ։ Մեր համեստ տեխնիկական աջակցության հատվածը մեր գաղափարակից ընկերների ներդրումն է: Մեկը տեսանյութերի ձայնի որակից էր նեղվում ու օգնեց ձայնի որակի բարելավման հարցում, մյուսին լուսավորությունը, դրանով էլ մյուսը աջակցեց եւ այդպես շարունակ։

– Ինչի՞ մասին է ամենաշատ դիտում ունեցած Ադեկվատը:

– Կոնկրետ ամենաշատ դիտում ունեցողը չգիտեմ։ Ասեմ, որ Լայվ ֆորմատի տեսանյութերը տեղադրվում են մի քանի կրիչներով՝ մեր անձնական ու պաշտոնական էջերով ու youtube-ով։ Դիտումների մեծ մասը Ֆեյսբուքից է։ Որքան էլ զարմանալի էր, ամենամեծ լսարանը որպես ժանր ունեն այն տեսանյութերը, որտեղ մենակ ենք՝ մոնոլոգերը։ Դիտումներն առանձնապես չենք հաշվում, եթե նույնիսկ 10 մարդ այս ինֆորմացիոն «արտաքնոցում» ունենա ադեկվատության մաքուր օդի կարիք, մենք կշարունակենք։

– Ինչպե՞ս ես վերաբերվում Ադեկվատի առիթով հնչած քննադատություններին:

– Ցավոք, քննադատություն, որպես այդպիսին, առ այս պահը չի եղել։ Չգիտեմ Ադեկվատի հերոսներին դեռ որքան կհաջողվի մեռած ձեւանալ, բայց հուսով եմ՝ նետված ձեռնոցը երկար գետնին չի մնա, եւ մենք ի վերջո կտեսնենք մարդկանց, որոնք առարկություններ կներկայացնեն, կամ գոնե մեզ կսպանեն…

– Ո՞ւմ կուզենայիր տեսնել որպես Ադեկվատի հյուր, էական չէ, թե հրավիրյալն ինչ ոլորտից կլինի։

– Ցանկացած մարդ կարող է լինել մեր հյուրը եւ ուղիղ եթերով հայտնել իր տեսակետը, նույնիսկ եթե այդ տեսակետը հակասում է մերին։ Մարդկանց ներսում շատ ասելիք կա, մենք տալիս ենք այդ կուտակված ասելիքը հանրայնացնելու հնարավորություն։

– Հնարավո՞ր է Ադեկվատը նոր գիրք գրելու նյութ տա։

– Փորձում եմ գրական գործունեությունս համատեղել Ադեկվատի հետ, կարծես ստացվում է։ Սեպտեմբերին կլինի իմ նոր՝ «Սրտերի թագուհին» վեպի շնորհանդեսը։ Ավարտվել է «Զրոյական կետ»-ի արաբերեն թարգմանության փուլը։ Այս օրերի իրադարձությունների մասին անպայման գրելու եմ, բայց չգիտեմ, թե երբ կսկսեմ։ Լիքը բան կա ասելու եւ արձանագրելու, բայց այս օրերին դա անում եմ ուղիղ եթերների միջոցով։ Ենթադրում եմ, որ այս գեոքաղաքական բորշը մի օր կդառնա գիրք:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

25.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031