«Բուհական համակարգում կա այսպիսի խնդիր` թերբեռնվածություն: Բժշկական համալսարանն այն եզակի բուհն է, որն այդպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու: Դեռեւս ԽՍՀՄ տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի: Ուրախալի է, որ այն պահպանվել է այսօր: Հույս ունենք, որ այդ ավանդույթը նոր փուլ է մտել»,-ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստում այսօր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ հայաստանյան բուհի նշյալ մոդելը կարեւոր է բուհական համակարգը միջազգայնացնելու գործում. «Դա ճիշտ ճանապարհ է, որը պետք է կյանքի կոչենք՝ ոչ թե օտարերկրյա ուսանողների համար(նաեւ նրանց համար), այլ առաջին հերթին մեզ համար: Այս մոդելն է, որը առաջ է մղելու եւ զարգացնելու մեր կրթությունը»:
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան կլինեն՝ ԵՊԲՀ-ում ստեղծագործական մտքի զարգացման համար, եւ դա օրինակ կծառայի ողջ բուհական համակարգին. «Ստեղծագործությունն ամենակարեւոր առաջ մղող ուժն է բոլոր բնագավառներում»:
Ապա` վարչապետը դիմեց ԵՊԲՀ շրջանավարտներին. «Լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն են ընտրում ոչ թե ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցմամբ: Մարդու համար մասնագիտությունն, իմ կարծիքով, առաքելություն է, առավել եւս ՝ զինվորականի եւ բժշկի մասնագիտությունը: Մարդուն երջանկություն՝ առողջություն պարգեւելն ամենամեծ մարդկային առաքելությունն է: Հուսամ՝ փողն ու բարեկեցությունը, նաեւ հոգեւոր արժեքները չեն շեղի այդ առաքելությունից: Հավատում եմ ձեր առաքելությանը եւ բոլորիս ընդհանուր հաղթանակին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ