Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժորա Մարտիրոսյան. «Պատերազմի ժամանակ հրանոթներ կրակեմ, որ հիմա թուրքի տեղ դնե՞ն»

Հուլիս 25,2018 21:40

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հայտնելով, որ նախարարության մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքները: Նա մեզ ասաց, որ իրեն քրեական մեղադրանք չեն առաջադրել, առաջադրելու դեպքում ինքը փաստաբան կվարձի եւ կպաշտպանի իր իրավունքները: Նա ասաց, որ ապրիլի 26-ին ինքը անցել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման կողմը, սակայն հիմա տուժում է նախկինում ՀՀԿ անդամ լինելու համար:

Նա հայտնեց. «Վերցնում են, ամեն գյուղապետին պոչից մի բան կպցում,ես հո հանցագործ չեմ, 70 տարեկան մարդուս պատվազուրկ են անում, ողջ կյանքում աշխատել եմ Հայաստանի համար, նույնիսկ տղաներիս եմ բերել Ռուսաստանից,հիմա քոչե՞մ Հայաստանից»: Նա ասաց, որ 1990- ական թվականներին ինքը հրետանավոր է եղել, 3 հոգով ադրբեջանական 22 թիրախ են ոչնչացրել եւ հավելեց. «Պատերազմի ժամանակ հրանոթներ կրակեմ, որ հիմա թուրքի տեղ դնե՞ն»:

Համայնքապետն ասաց, որ նախկինում 4 անգամ, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների պայքարի վարչության կողմից իր գործունեությունը ստուգվել է, սակայն հանցակազմ չեն գտել: Նա ասաց, որ իր ընտանիքը առեւտրի կենտրոն ունի, Իջեւան քաղաքում՝ խանութներ, սակայն դրանք իր համայնքապետ եղած տարիներին չի ձեռք բերել: Ժ.Մարտիրոսյանի խոսքերով՝ իրեն առաջադրված մեղադրանքները հիմք չունեն, իր կինը տարածք է վարձակալությամբ վերցրել, որպեսզի հացի փուռ աշխատեցնի, սակայն այդտեղ արտադրված հացը չի վաճառվել, փուռը փակվել է: Մարտիրոսյանը հայտնեց, որ ինքը համայնքապետ եղած ժամանակ համայնքից տարածքներ չի վերցրել: Ասաց, որ չնայած 10 տարի ՀՀԿ անդամ է եղել, սակայն այն ժամանակ եւս տուժել է, իր որդին ամուսնության նպատակով աղջիկ փախցնելու փորձի համար(թեեւ այդ աղջիկը չի բողոքում) 4 տարի, 3 ամիս ազատազրկված է, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում է, որդուն կալանքից ազատելու համար ինքն ընդհանուր առմամբ 10 անգամ՝ Բերդում, Չինարիում, Բերդավանում, Դիլիջանում, Երեւանում անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն նա չի օգնել:

Ժ. Մարտիրոսյանը նշեց, որ ինքը գումարներ չի յուրացրել, ասելով, որ համայնքապետարանի գումարները տրվել են սոցիալապես անապահով ազատամուտցիներին,համայնքապետարանի վառելիքը օգտագործվել է գյուղի խնդիրները լուծելու համար:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Ժ. Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում:

Ժորա Մարտիրոսյանի լուսանկարը՝ hetq.am կայքից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031