Լրահոս
Օրվա լրահոսը

«5 անչափահաս երեխաների մոր կալանքը երկարաձգվել է. երեխաների խնամքի խնդիրը լուծված չէ». Զարուհի Հովհաննիսյան

Հուլիս 25,2018 18:35

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում իրավիճակ է փոխվել:

«Մեդիա կենտրոնում» «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները» թեմայով քննարկմանը իրավաբանը, սակայն, նշեց, որ խնդիրներ, այնուամենայնիվ. «Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»: Նա հայտնեց, թե տասը տարուց ավել չէին խոչընդոտում իրենց աշխատանքին, բայց հանկարծ հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով սկսեցին այդ խոչընդոտումները. «Այս նոր իրավիճակի հետ կապված խումբը կրկին հանդիպել է խոչընդոտման: Հաշվետվությամբ դիմել էինք, ակնկալում էիք, որ կրկին նախկին կարգը կգործի, մինչդեռ արդյունքը եղավ նույնը, ինչ այսօր ունենք»:

Դառնալով քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նկատմամբ մոտեցմանը, պարոն Ռևազյանն ասաց, որ շատ հիմնարկների աշխատակիցների մոտ խմբի աշխատանքների նկատմամբ վստահության աճ է նկատվում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց կալանքի ենթարկվող բազմազավակ կանանց հարցով: Ըստ նրա՝ խնդիրը մնում է օրակարգային, և քրեակատարողական հիմնարկները, հավանաբար, խնդիրներ են ունենում նմանատիպ կալանքների պատճառով, քանի որ քրեադատավարական օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների պարագայում կալանքը չի կիրառվում: Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում տեսել են մի կնոջ, որը հացադուլի է դիմել երկրորդ անգամ կալանքը երկարաձգելու պատճառով: Նա ունի չորս անչափահաս երեխա, մեկն էլ չափահաս է դարձել, երբ մոր նկատմամբ կալանք է կիրառվել. «Պարզվել է՝ կնոջ երեխաների խնամքի խնդիրն ընդհանրապես լուծված չէ, կարող եմ նշել, որ երեխաներից ամենափոքրը տասն ամսական է այժմ, կինը կերակրել է մայրական կաթով, այժմ նաև առողջական խնդիրներ ունի: Մի ամբողջ փունջ խնդիրներ ունենք, որոնք վերաբերում են քննչական մարմնին, դատարաններին, որոնք կալանքի որոշումը կայացնում են, ինչպես նաև սոցիալական ծառայություններին, որոնք իրենց ֆունկցիան չեն կատարում, խնամակալության հանձնաժողովներին»:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, հղում կատարելով 2018-ի մայիսին կատարված օրենսդրական փոփոխություններին, նշեց. «Այդ փոփոխությունները վեր բարձրացրին նոր ռիսկեր ու մտահոգություններ: 2017-ին տեղի ունեցան որոշ օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված էին բարեփոխել իրավիճակը: Արդյունքն այն էր, որ ունեցանք պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվող անձանց թվի կտրուկ աճ, սակայն բովանդակային առումով դեռ կային խնդիրներ, որոնք բերեցին նրան, որ 2018-ի մայիսին նոր օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: 2017-ին ընդհանուր առմամբ ազատման 365 դեպք կա ի տարբերություն 2016-ի 115 դեպքի: Այդ փոփոխություններն աշխատել են, բայց կային մի շարք այլ ընթացակարգային խնդիրներ»:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն էլ հայտնեց՝ խնդիրն այն է, որ կալանավորված անձանց վրա քննիչի կողմից սահմանված՝ արտաքին աշխարհի հետ կապն արգելելու արգելանքը տարածվում էր նաև հասարակական դիտորդների խմբի վրա. «Կալանավորված անձանց հարազատների ահազանգերի դեպքում, երբ դիտորդներն այցելում էին քրեակատարողական հիմնարկներ, դիտորդներին չէին թույլատրում հանդիպել այդ կալանավորված անձանց: 2016-ի ընթացքում 94 այցելություն է խումբը կատարել և 8,9 տոկոսի դեպքում խմբի աշխատանքները խոչընդոտվել են: Համապատասխան գրություններով դիմել ենք արդարադատության նախարարություն, սակայն պատճառաբանության հիմնական տրամաբանությունը եղել է այն, որ քրեակատարողական հիմնարկի գործողություններն իրավաչափ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031