Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ հեռավոր համայնքների դպրոցները պետք է գրավիչ դարձնենք ուսուցիչների համար». ԿԳ նախարար

Հուլիս 25,2018 17:57

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ ԿԳ նախարարության եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջեւ կնքված այսօրվա համաձայնագրով՝ մինչեւ 2021թ.-ը Հայաստանի 15 համայնքներում աշակերտների համար կշարունակվի անգլերենի ուսուցման «Access» ծրագիրը, որն իրականացվում է դեռ 2011թ.-ից: Ծրագրի շնորհիվ արդեն 580 դպրոցական լիարժեք տիրապետում է անգլերենին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ ծրագրի նախորդ շրջափուլերի շրջանավարտներից ոմանք շեշտեցին, որ իրենք արդեն ծրագրի ուսուցիչ են հանդիսանում, եւ, ամենակարեւորը՝ դրա շնորհիվ չեն լքել իրենց համայնքները: «Մեր ներկայիս խնդիրներից է՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցները գրավիչ դարձնել ուսուցիչների համար: Պետք է ոչ թե ստիպել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ ուսուցիչները վերադառնան իրենց համայնքներ: Այս ծրագրի դրական փորձը մենք հաշվի կառնենք մեր քննարկումներում»,-հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ լեզուների ուսուցմանն առհասարակ մեծ կարեւորություն են տալիս. «Աշխարհում այսօր բովանդակությունը ստեղծվում է անգլերենով: Մեր երեխաները պետք է հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ բովանդակության հետ: Անգլերենը հաղորդակցման ուղիղ ճանապարհն է»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «Access» ծրագրի շարունակականության շնորհիվ ՀՀ մարզերում հնարավոր կլինի կատարելագործել աշակերտների անգլերենի իմացությունը, զարգացնել անգլերենի ուսուցիչների կարողությունները. «Նրանց վերապատրաստումն այս ծրագրի կարեւոր բաղադրիչներից է: Դրանից կշահի կրթությունը: Ծրագիրը նաեւ դպրոցներում հարթակ կստեղծի՝ անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031