Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողին մուննաթ, մի 100 հազար դրամի դիմաց կարող ես ստեղծել 100 ֆեյք». Սամվել Մարտիրոսյանը՝ ֆեյքային պատերազմի մասին

Հուլիս 25,2018 17:28

«Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությունը քաղաքականացված է եւ ցանկացած քննադատություն սվիններով է ընդունվում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ասաց, որ երբ դժգոհում են, ասում են՝ ֆեյքերն այսպիսի բաներ են անում, ո՞նց կարելի է լուրջ վերաբերվել ֆեյքերի ասածներին: Նա հորդորեց ֆեյքերին արհամարհել, չէ՞ որ ԶԼՄ-ներն էլ են ասում՝ դուրներդ չի գալիս՝ ինչ ենք գրել, մի կարդացեք: Աշոտ Մելիքյանն ասաց, որ պետք է մի կողմ դնել հայհոյանքները, որակյալ ԶԼՄ-ն պետք է իր գործը կատարի եւ սպասարկի հանրության, իր լսարանի շահերը:

Մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանն ասաց, որ նախկինում մարդկանց մի ստվար զանգված վախենում էր սոցցանցերում տեսակետ հայտնել, հիմա ավելի ազատ են գրառումներ անում, իսկ դա խոսքի ազատության հետ նաեւ նեգատիվ երեւույթներ է բերում. «Ես չեմ համարում, որ կա ատելության այն աստիճանի քարոզչություն, ինչպիսին փորձում են ներկայացնել»: Նա ասաց, որ նախկինում էլ կար նման քարոզ, ուղղակի տարբերությունն այն է, որ դու չէիր կարող գնալ եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացնել, հիմա կարող ես քեզ սպառնալիքներ ներկայացնող մարդու հետ կապված դիմել իրավապահներին:

Կառավարության եւ մամուլի փոխհարաբերությունների մասին խոսելիս՝ Փամբուխչյանն ասաց, մամուլի համար ճգնաժամ է, նախկին աշխատանքային երեւույթները չկան, նոր իրավիճակին պետք է հարմարվեն:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ շատ մեծ քանակի գրառումներ կան ֆեյսբուքում կառավարութան անդամների կողմից եւ խոսքը ուժ ունի, եթե հայտարարում են, որ տեղեկատվական պատերազմ է գնում, փաստացի հայտարարում ես, որ դա ճգնաժամ է. «Խախտվել է հարաբերությունները իշխանություն-մամուլ, դաշտը ապամոնտաժվել է ինչ-որ առումով եւ բնականաբար, շատ խմբագիրների շատ դժվար է հասկանալ, թե ուր է պետք շարժվել: Նորմալ իրավիճակ է, քիչ-քիչ կհղկվի: Գոյություն ունեն կենտրոններ, որոնք շատ ակտիվորեն սկսել են օգտագործել սոցցանցերն ու մամուլը՝ քարոզչական հարձակումների համար: Սա նոր բան չի, ուղղակի կենտրոններն են շատացել: Գնալով շատանալու են, որովհետեւ նախընտրական փուլի մեջ ենք մտնում եւ մի քանի գործող ուժ իրենց ամբողջ ներուժը դաշտ չեն մտցրել»: Նա ասաց, որ նույնիսկ նախկին իշխանությունները մի կենտրոնով չեն գործում, այլ մի քանի:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, ֆեյք ստեղծելը բավականին էժան է այսօր. «Փողին մուննաթ, մի 100 հազար դրամի դիմաց կարող ես ստեղծել 100 ֆեյք, էժան երեւույթ է, բայց լավ ազդեցիկ: Ֆեյքերը միշտ եղել են, բայց նախորդ իշխանությունները լուրջ ուշադրություն չէին դարձնում իրենց հանդեպ քննադատությանը, հիմա նոր իշխանությունները ավելի բաց են աշխատում, հանրային կարծիքը ավելի շատ են հաշվի առնում, ֆեյսբուքում են, ներգրավելով այս ֆեյքային պատերազմի մեջ՝ իրենք փաստացի լեգիտիմացնում են ֆեյքերին, բարձր ստատուս են նրանց տալիս եւ աշխատացնում»: Նա ասաց, որ եթե լուրջ նախարար, փոխնախարար ֆեյքին պատասխանում է, նրան դարձնում է գործոն, կերակրում է նրան ու «թռփոշացնում»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, կառավարությունը սոցցանցերի համար սահմաններ պետք է գծի՝ ինչն է կարելի, ինչը չի կարելի, դա ժողովրդավարության հարց չի, անհրաժեշտություն է. «Նախարարները պետք է դադարեն լինել խոսնակ, խոսնակները՝ նախարար»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ խոսեց գրաքննության մասին, ասելով, որ ազատ խոսքի արտահայտման հարթակը սոցցանցերն են: Ըստ նրա, ստահոդ լուրեր տարածող ԶԼՄ-ների խմբագիրները հիմա աղմկում են. «Սովորեք աշխատել ազատության պայմաններում»: Ըստ նրա, խմբագիրները ճգնաժամային իրավիճակում են, նոր իրավիճակում, երբ չունեն հրահանգներ, չգիտեմ ոնց աշխատել. «Չկա թույլտվության սանդղակը եւ ասողը չկա, չգիտեմ ինչ անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031