Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հուլիսի 13-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով, մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն կից հավելվածի:
Այդ հավելվածը մարզպետարանի կայքում հրապարակված չէ, պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի ծառայող որքան գումարով է պարգեւատրվել, որքան է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը:
Տավուշի մարզպետարանի աշխատակիցները նախկինում պարբերաբար պարգեւատրվել են, դրա վերաբերյալ մեր հրապարակումներին իր պատասխան 2018թ. մարտի 21-ին մարզպետարանը պարզաբանում է տվել, որ քաղծառայողների կիսամյակային պարգևատրումը օրենքի պահանջ է, իսկ չկատարելը կդիտվի որպես օրենքի խախտում, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:
Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պետական ծառայողի պարգեւատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ