Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը մանդատը վայր է դնելու, խաբված է ՀՀԿ-ից եւ հիասթափված

Հուլիս 25,2018 16:47

Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանին հարցրեց՝ առջեւում արտահերթ ընտրություններ են, ՀՀԿ-ի շանսերն ինչքա՞ն եք գնահատում՝ հատկապես, որ ասում են՝ ՀՀԿ-ականները նմանվում են «Տիտանիկ»-ի երաժիշտներին, նավը խորտակվում է, իրենք դեռ նվագում են՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չէի ասի, թե առանձնապես նվագում են, չեն էլ նվագում արդեն, իրենց մոտ ընդմիջում է, բոլոր գործիքները դրված են պահեստում, չեն էլ նվագում: Ամեն դեպքում թե ինչքան ձայն կհավաքի, քանի տոկոս, ես հիմա կանխատեսումներ եկեք չանեմ: Քաղաքապետի ընտրություններին էլ, արտահերթին էլ չեմ կարծում ՀՀԿ-ն ակտիվ մասնակցություն կունենա: Եթե մասնակցի էլ, դա բխում է մեր ժողովրդի շահերից: Ձեր երկրում որոշակի ընդդիմություն պե՞տք է, թե՞ պետք չի: Եթե որոշել եք սենց շարունակենք՝ դուխով Հայաստան եւ մի հոգի գոնե ընդդիմություն չլինի, որ մի բանը նշի, ասի՝ սա սենց է, նենց է, ի պատիվ իրենց, ով լինելու է ընդդիմություն, արդեն էդ շապիկով է գալու: Ինչ խոսի, ասելու են՝ բա դուք ժամանակին…արդյոք այդպիսի ընդդիմություն ունենալն ինչ-որ մեկին ձեռք չի՞ տալիս, գոնե թող գան մարդիկ ասեն այն, ինչ տեսնում են, այսքան տարիների աշխատանքի փորձ ունեն»:

Ըստ Ալիկ Սարգսյանի, ՀՀԿ-ն բաղկացած է մի քանի շերտից, այն շերտը, որի պատճառով այս աստիճանի վարկաբեկվեցին եւ աղմկահարույց դեպքեր բացահայտվեցին, դա, ըստ Սարգսյանի, մի շերտն է. «Դրանից հետո եւս երկու շերտ կա, որոնք վարկաբեկված չեն, մաքուր, մարդավարի կյանք են վարել ու ՀՀԿ-ի հնարավորություններից երբեւիցե չեն օգտվել, էդ մարդկանց ի՞նչ եք փնովում: Միգուցե էդ մարդկանց մի քիչ տեղ տաք, մաքուր ապրել են, նորմալ ապրել են, ի՞նչ անենք, որ գաղափարի շուրջ հավաքված մարդիկ են եղել, էդ Հանրապետական բառը թշնամանք պարունակող ինչ-որ բա՞ռ է: ՀՀԿ-ն ղեկավարներ է ունեցել, հարգված մարդիկ է ունեցել, ինչի՞ եք էս ամեն ինչը ջնջել, հենց ՀՀԿ, ուրեմն ազգի թշնամի: Չի՛ կարելի, էդ ՀՀԿ-ում լիքը նորմալ մարդիկ կան, որոնք պետք են մեզ հետագայում էլ, մի՛ ջնջեք»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ իհարկե, ՀՀԿ-ն ամոթալի էջեր էլ է ունեցել, որի համար վատ է զգում, բայց այդ անիվը հետ պտտել չի կարող:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ հիմա այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում ու որոշել է այսուհետ ընդհանրապես էլ քաղաքականություն չմտնել. «Ես բավարարված եմ էս ամեն ինչից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն եւ որեւիցե կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում: Ես ինձ տենց չեմ ցածրացնի էս տարիքում գնամ ընկնեմ ժողովրդի դուռը՝ սրան ձեն տվեք, նրան, մանավանդ կարող է արդարության պտուղը շատ թույլ լինի, ես այդպիսի բան չեմ անի»:

Նա հայտարարեց, որ ԱԺ-ից դուրս է գալու. «Ես չեմ մնալու, ինձ էդ մանդատը պետք չի»: Նա ասաց, որ սեպտեմբերին կորոշի, տեսնի, թե իրադարձություններն ինչպես են զարգանում, բայց նոր իշխանությունների հետ չի պատրաստվում պատմություն ստեղծել՝ զուտ այն պատճառով, որ ժողովուրդը ոգեւորված է նոր իշխանություններով: Նա ասաց, որ կօգնի նոր իշխանություններին, որ մարդիկ չհիասթափվեն:

Ալիկ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ում խաբված է եղել. «Հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ զբաղված է եղել այն բանով, որ մեր երկիրը ծաղկի: Բայց հիմա այդ փաստերը, որ բերում, ներկայացնում են մի քանիսի մասին, սա խաբեություն չի, բա ի՞նչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031